Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Մոսկվայի ժամանակով 07:00-ին (տեղական ժամանակով 08:00-ին), Լեռնային Ղարաբաղում ուժի մեջ է մտել նոր հրադադարի ռեժիմը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Ընդամենը 10 րոպե անց Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանին մեղադրեց հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մեջ, նույն մեղադրանքով ելույթ ունեցավ նաև Հայաստանը:
«Չնայած հոկտեմբերի 26-ին, ժամը 8:00-ին մարդասիրական նոր հրադադարի մասին հայտարարությանը, հայկական զինված ուժերը կրկին կոպտորեն խախտել են պայմանավորվածությունը», – հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից: Ավելի ուշ վարչությունը պարզաբանել էր, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ Սաֆյան գյուղում եւ Տերտերի շրջանում:
«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ», – գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Ավելի ուշ Պաշտպանության նախարարության խոսնակը գրել է. «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
Նոր հրադադարը ձևռք էր բերվել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մայք Փոմփեոի և նրա տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Կողմերը վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը: