Ախալքալաքի ծայրամասի մի բնակիչ, իր տան բակում, օրեր առաջ նկատել է երկու մեծ օձ։ Այս տան բնակիչները չգիտեն, թե որ ծառայությանը դիմեն, որպեսզի նրանց բռնեն կամ գոնե պարզեն՝ այդ օձերը թունավոր են, թե ոչ։

Ախալքալաքի բնակիչը մի քանի օր է, ինչ հետևում է երկու սև օձերին: Որոշ ծանոթներ հավաստիացնում են, որ սա սև լորտու է (ոչ թունավոր օձ), սակայն ոմանք պնդում են, որ սա թունավոր գյուրզա է։ Օձերի երկարությունը, ըստ տան բնակիչների, մոտ 1 մետր է։

Բնակիչները դիմել են ԱԻԾ՝ «112», սակայն այնտեղից ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել, նրանք դիմեն քաղաքապետարան։ Բայց քաղաքապետարանը ևս չունի համապատասխան ծառայություն և մասնագետ։ Վրաստանը չունի օձերի պարագայում արագ արձագանքման կամ վտանգի կանխարգելման համակարգ, թեև երկրում ապրում է օձի մոտ 24 տեսակ, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզան, տափաստանային իժը, կովկասյան իժը և քթավոր իժը։

Այս տան բնակիչները վախենում են երեխաներին բակ թողնել, չիմանալով, թե ինչ սպասել օձերից։ Տան տերը անհանգստանում է, որ օձերը կարող են բույն ստեղծել, և նրանք ստիպված կլինեն անընդհատ լարվածության ու սթրեսի մեջ գտնվել։ Նա պատրաստվում է գտնել մեկին, ով կօգնի իրեն ինքնուրույն բռնել և օձերին տանել իր տնից հեռու:

Օձի խայթոց. Ինչպես ճիշտ ցուցաբերել առաջին օգնությունը