Նինոծմինդայի մունիցիպալիտետի SJGC գազաբաշխիչ ընկերությունը հաջորդ ամիս կսկսի Հեշտիա-Նինոծմինդա նոր գազատարի կառուցումը։ Հաջորդ տարի նախատեսվում է նաև ընդլայնել Ախալքալաքի մունիցիպալիտետում գազի բաշխման հնարավորությունները՝ կառուցելով Խուլգումո-Թոթխամ նոր գիծը։
SJGC գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա հուլիսին Նինոծմինդայի մունիցիպալիտետում սկսելու են Հեշտիա-Նինոծմինդա նոր գազատար գծի կառուցման աշխատանքները։ Նոր գիծը կունենա մոտ 14 կմ երկարություն։ Աշխատանքները կիրականացվեն երկու փուլով:
Առաջին փուլում այս տարի կկառուցվի Հեշտիա-Սաթխա գիծը, երկրորդ փուլում՝ հաջորդ տարի՝ Սաթխա-Նինոծմինդա գիծը։
Աշխատանքները կսկսվեն հուլիսին, շինարարական նախագիծը պատրաստ է։ Առաջին գծի համար նախատեսված է մոտ 650.000 լարի, իսկ երկրորդ գծի համար՝ մոտ 700.000 լարի։
Վրեժ Բերիկյանի խոսքով, հաջորդ տարի ամբողջ գիծը պատրաստ կլինի։
«Աշխատանքների առաջին փուլի նախագիծն ունենք, քաղաքապետարանի թույլտվությունը կա, երկրորդ փուլի նախագիծը կազմման փուլում է, պատրաստ լինելուն պես թույլտվությունը կվերցնենք ու կսկսենք աշխատանքները։ Մենք այս գիծը կառուցում ենք, որպեսզի գազի ծավալը մեծացնենք, որպեսզի գազը բավականացնի Գորելովկային և հարակից գյուղերին, նրանց գազաֆիկացման դեպքում։ Այս գյուղերում (Սաթխայի մոտ) գազի պակասություն էր, այս գիծը կառուցելով այդ հարցը կլուծենք»,- ասաց Վրեժ Բերիկյանը։
Նրա խոսքով, 2024 թվականին, SJGC-ն Ախալքալաքի մունիցիպալիտետում, նախատեսում է կառուցել նոր Թոթխամ-Խուլգումո գիծը, Խուլգումո ԳԲՀ-ն (գլոբալ բաշխման համակարգ) թեթևացնելու նպատակով: Ջավախքում գոյություն ունեցող գազատարները թույլ չեն տալիս գյուղերում միացնել էլ ավելի մեծ թվով բաժանորդների, քանի որ դրանք անցնում են ծավալներ, իրենց տրամագծի պատճառով նախատեսված չեն ավելի մեծ թվով բաժանորդների համար, ուստի ընկերությունն ընդլայնում է ավելի մեծ թվով բաժանորդներին գազամատակարարելու հնարավորությունները: