Հոկտեմբերի 28-29-ին՝ «Պատվաստման մարաթոնի» շրջանակներում, Սամցխե-Ջավախք էր այցելել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։ Ընդհանուր առմամբ մարաթոնի ընթացքում պատվաստվել է 2500 մարդ։ Պատվաստվողների թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է իրազեկել բնակչությանը:
«Այն շրջանները, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, ստանում են տեղեկատվություն իրենց մայրենի լեզվով: Համավարակը կարող է տևել ևս մեկ տարի: Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստումների մակարդակը շատ ցածր է, ես խոսել եմ բուժքույրերի հետ, և, ցավոք, եթե մենք ակտիվ չաշխատենք, ցուցանիշը չի ավելանա: Շնորհակալություն լրատվամիջոցներին, որ միշտ մեր կողքին են»,- ասաց Ամիրան Գամկղրելիձեն։
Վրաստանում պատվաստված է բնակչության միայն 33%-ը։ Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, համավարակը կավարտվի, եթե պատվաստվածների տոկոսը հասնի 80-ի։
Ամիրան Գամղրելիձեն նշեց Դիլիսկա գյուղի բժշկական կենտրոնի վատ պայմանները և հույս հայտնեց, որ տեղական իշխանությունները կբարելավեն պայմանները։
«Դիլիսկա գյուղի իմ գործընկերների հետ զրուցելիս ես իմացա, որ, ցավոք, այնտեղ միայն երեխաների պլանային պատվաստումներն են իրականացվում, մեծահասակների Covid-19-ի դեմ պատվաստում չի իրականացվում: Պայմաններ չկան, ուստի պետք է խոսել տեղի իշխանությունների հետ, վերապատրաստելու բուժքույրերին և բժիշկներին, որպեսզի երբ այս շենքում լավ պայմաններ լինեն, պատվաստման գործընթացն ակտիվանա»,- ասաց Ամիրան Գամղրելիձեն։
Jnews-ը զրուցել է Դիլիսկայի որոշ բնակիչների հետ, փորձելով հասկանալ պատվաստումից հրաժարվելու պատճառը։
Նշենք, որ մեծամասնությունը պատասխանում էր, որ պարզապես չեն ցանկանում, և վերջ: Նրանք նաև վախենում են, քանի որ ստանում են բազմաթիվ բացասական տեղեկություններ։
Աստղիկ Նահատակյանն ասում է, որ չի ցանկանում և թույլ չի տա իր երեխաներին պատվաստել.
«Մեկ տարի բուժվում էի, վիրահատվել եմ ու հազիվ դուրս եկա այդ մղձավանջից, հիմա ինձ երաշխիք կտան, որ ես լավ կտանեմ պատվաստումը, ինձ նույնիսկ իմ բժիշկը թույլ չի տվել պատվաստվել: Ես վախենում եմ, երեխաներիս էլ թույլ չեմ տա, պատվաստման մասին այնքան վատ տեղեկություն ենք իմացել, որ չենք ուզում»,- ասաց Աստղիկ Նահատակյանը։
«Եթե պատվաստումից հետո կարող եմ նորից հիվանդանալ, ինչու պետք է պատվաստվեմ, բոլորս էլ ուզում ենք առողջ լինել, կարծում եմ,որ մարդկանց պետք է պատվաստումից առաջ ստուգեն, գուցե նրան չի կարելի պատվաստվել, և ասում են նաև, որ չինաականը վատն է, մյուսը լավն է, ինչու են այսպիսի տեղեկություն տարածում, և մարդկան էլ ավելի են տարակուսանքի մեջ գցում»,- ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։