Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը հաղթանակ է գրանցել ապրիլի 23-ից մայիսի 4-ը Երևանում ընթացող Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում: Այս հաղթանակով նա առնվազն բրոնզե մեդալ է ապահովել, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորություն։
Ախալքալաքի մարզահամալիրից Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցում են Գոռ Այվազյանն ու Սամվել Ղազարյանը։ 80 կգ քաշային Սամվել Ղազարյանն ապրիլի 29-ին, պարտվել է մրցակցին։ Գոռ Այվազյանը շարունակում է պայքարը երիտասարդների առաջնությունում 54 կգ քաշային կարգում։
Նշենք, որ Երեւանում Վրաստանի հավաքականի մարզիկները շատ հաջող են հանդես եկել՝ նվաճելով առնվազն 6 բրոնզե մեդալ։ Հավաքականի 14 մարզիկներից 6-ը կշարունակեն պայքարը չեմպիոնի տիտղոսի համար։
Գոռ Այվազյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնության և բազմաթիվ միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Գոռ Այվազյանի գլխավոր մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը։