Ախալքալաքում բռնցքամարտը զարգանում է արագ տեմպերով: Այստեղ մեծ ներուժ կա: Վրաստանի հավաքականի կազմում միայն մեծահասակների շրջանում Ախալքալաքից 4 բռնցքամարտիկ կա: Կորոնավիրուսային համավարակը մի ամբողջ տարի ռինգը դատարկ պահեց, սակայն վերջերս որոշ բռնցքամարտիկներ սկսել են մարզվել մարզադահլիճներում` միջազգային մրցումներում մասնակցելու համար:

– Ձախ, աջ, ձախ, կողքի, – այս խոսքերն օրվա ընթացքում շատ անգամ է լսում և կրկնում Արշակ Էլիզբարյանը: Այս բառերը հարվածների հետ միասին դարձել են նրա կենսակերպի մի մասը: Արշակ Էլիզբարյանը բռնցքամարտով զբաղվում է ավելի քան 10 տարի:

1 Արշակ Էլիզբարյան

Անցած տարին շատ դժվար էր Արշակի համար: Ասես ամեն ինչ անլուրջ լիներ: Ճիշտ է, նա ամեն օր տանը մարզվում էր, և կարիք չկար փնտրելու պրոֆեսիոնալ մարզչի՝ հայրը չէր թողնում հանգստանալ, բայց այն, որ մարզահամալիրում մրցումներ չկային, համալսարանում դասեր չկային՝ կյանքից իզուր կորած մեկ տարվա զգացողություն է առաջացնում:

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով չեղյալ էին հայտարարվել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մրցումները: Մարզիկները մարզվում էին տնային պայմաններում՝ մարզավիճակը պահելու համար:

Արշակը ծնվել է մարզիկների ընտանիքում: Մանկուց նա հետաքրքրվել է բռնցքամարտով:

«Ես հեռուստացույցով բռնցքամարտ էի դիտում, հետևում էի բռնցքամարտիկների կյանքին: Սկզբում բռնցքամարտով էի զբաղվում հարազատ Կարտիկամ գյուղում, ապա սկսեցի մարզվել Ախալքալաքի մարզահամալիրում»:

Սպորտի հանդեպ սերը նրան բերեց Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Արշակը չորրորդ կուրսի ուսանող է: Նա զբաղվում է սիրողական ֆուտբոլով, բայց այս հոբբին համավարակի ընթացքում տուժեց:

Կորոնավիրուսը «խլեց» նրանից սպորտը, համալսարանական դասախոսությունները, բայց ժամանակ թողեց ընթերցելու իր սիրելի գրքերը: Լճացման շրջանում նա օգնում էր կարտոֆիլի և այլ մշակաբույսերի աճեցման գործում: Արշակի ընտանիքը Կարտիկամ գյուղում մոտ 1 հա հող է մշակում:

2 Արշակ Էլիզբարյանը իրավունք է ստացել մարզվել Ախալքալաքի մարզահամալիրում

Արշակը մրցանակներ է նվաճել բազմաթիվ առաջնություններում՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում: Նա Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի կազմում է: Մարզիկին սպասվում էր մի շատ կարեւոր իրադարձություն՝ Բուլղարիայում անցկացվող ավանդական մրցաշարին մասնակցությունը:

Մի քանի մարզիկների հետ միասին, ովքեր պատրաստվում են մրցումների կամ ստիպված են մեկնել ուսումնամարզական հավաքների, Արշակը նույնպես մարզվելու իրավունք է ստացել մարզահամալիրում:

«Փառք Աստծո, 2021 թվականին մենք սկսեցինք մի փոքր մարզվել, ինչը նախկինում չէր թույլատրվում: Մարզումները բավականին ակտիվ են ընթանում: Երեք բռնցքամարտիկ պատրաստվում է մեկնել Բուլղարիա՝ մասնակցելու A-կարգի մրցմանը, որը նաև կոչվում է «Փոքր աշխարհի առաջնություն»:

Խոշորագույն սիրողական մրցաշարն Եվրոպայում կոչվում է աշխարհի մինի-առաջնություն: 2021 թվականին այն կանցկացվի 72-րդ անգամ: Գավաթը համարվում է կարեւոր նախափուլ Տոկիոյի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին: «Strandja-2021»-ին մասնակցում են ավելի քան 30 երկրների մարզիկներ, և դա շատ կարևոր է համավարակի այս շրջանում:

Մրցաշարին Վրաստանից կմասնակցեն հինգ բռնցքամարտիկներ: Այս հինգ մարզիկներից երեքն Ախալքալաքից են՝ Արշակ Էլիզբարյանը, Արտյոմ Յորդանյանը և Արտյուշ Գոմցյանը: 2020-ի մարտի սկզբին Վրաստանից յոթ մարզիկներ մեկնել էին Լոնդոն` օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու նպատակով, այդ թվում նաև` Ախալքալաքի մարզահամալիրի սան Արտյուշ Գոմցյանը, 57 կգ քաշային կարգում: Թեպետ, մրցումը մնաց անավարտ, «Olympic Qualifying Tournament-Europe» օլիմպիական վարկանիշային մրցաշարը չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով:

Վրացական բռնցքամարտը մեծ հույսեր է կապում ախալքալաքցի մարզիկների հետ: Երկրի ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը՝ Օթար Երանոսյանը, ծնունդով Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղից է, բնակություն է հաստատել Ամերիկայում և այնտեղ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով: Նա արդեն Ամերիկայի չեմպիոն է:

1

Բռնցքամարտի մարզիչ Գագիկ Էլիզբարյանը Մարզահամալիրում է աշխատում դրա կառուցման առաջին իսկ օրերից՝ 2006 թվականից: Երեխաները, ովքեր գալիս են Մարզահամալիր և առաջին հարվածն անում, Գագիկ Էլիզբարյանի համար պարզապես սաներ չեն: Նա նրանց վերաբերվում է իր սեփական երեխաների պես և որպես պոտենցյալ չեմպիոնների, որոնց պետք է նախապատրաստել:

Սահմանափակումների ժամանակահատվածում Գագիկի համար ամենադժվարն այն էր, որ նա չէր տեսնում, թե ինչպես են ինքնուրույն մարզվում մարզիկները, որոնց հետ նա մեծ հույսեր է կապում:

«Ճիշտ է, մենք վարժանքներ էինք հանձնարարում, և ես համոզված եմ, որ շատերն դրանք կատարում էին, բայց դու չես տեսնում նրա հարվածները և շարժումները: Դու չես ուղղել, օգնել, ուղղություն տալ նրան», – ասում է Գագիկ Էլիզբարյանը:

Մարզիչն ուրախ է, որ արդեն որոշ մարզիկներ կարող են մարզվել մարզադահլիճներում և մասնակցել մրցումների:

«Այս պահի դրությամբ Վրաստանից վեց բռնցքամարտիկ գտնվում է Մոնտենեգրոյում, նրանք պետք է մասնակցեն միջազգային առաջնությանը: Նրանցից մեկը Ախալքալաքի մարզահամալիրի սան Արամ Խռիկյանն է»:

Մարզվել թույլատրվում է միայն այն մարզիկներին, ովքեր արդեն որոշակի հաջողությունների են հասել: Այնուամենայնիվ, մարզիչները վախենում են, որ, հնարավոր է, բռնցքամարտում մեկ տարվա լճացման պատճառով նրանք կարող են կորցնել պոտենցիալ մարզիկներին, որոնց համավարակից առաջ դեռ չէին հասցրել ճանաչել:

Մոտ 400 մարզիկներ մարզվում են Ախալքալաքի մարզահամալիրում և համալիրի գյուղական կենտրոններում: Նրանց մեծ մասը բռնցքամարտիկներ են: Այս պահին մարզվելու իրավունք են ստացել 15-20 բռնցքամարտիկներ, ովքեր պետք է մասնակցեն միջազգային առաջնություններին և նրանք, ովքեր գտնվում են Վրաստանի ազգային հավաքականում: Քանի մարզիկ կշարունակի բռնցքամարտով զբաղվել 400 հոգուց, դեռ հարցականի տակ է մնում:

Բրատիսլավ Իգիթխանյան