Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի մանկապարտեզի վերականգնողական աշխատանքները առաջիկա օրերին կավարտվեն: Մնում է միայն կաթսայատանը վառարան տեղադրել: Սուլդայում այս պահին սպասում էին արդեն երկու տարի, բայց ամբողջ Վրաստանում մանկապարտեզները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, չեն գործի մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը:

Շենքում աշխատանքները կատարող «Գարիկ-111» ընկերության ներկայացուցչի խոսքով, գլխավորն արդեն արված է, մնում է միայն կաթսայատան վառարանը տեղադրել: Ըստ նրա՝ աշխատանքները կավարտվեն 2-3 օրվա ընթացքում: Վերանորոգման աշխատանքները սկսվել էին այս տարվա հոկտեմբերին:

Այս տարի Սակրեբուլոն Սուլդա գյուղի մանկապարտեզի խնդիրը վերջնականապես լուծելու համար հատկացրել է 19 675 լարի: Սուլդա և Կաջո գյուղերի մանկապարտեզների հիմնանորոգման տենդերը հայտարարվել է համատեղ, սեպտեմբերի 15-ին` 29 805 լարի ընդհանուր գումարով, և այն հաղթել է «Գարիկ-111» ընկերությունը` 24 988 լարիով:

Դեռ 2018 թ.-ին Սուլդա գյուղում կառուցվել էր մանկապարտեզի շենք, բայց մանկապարտեզը չէր բացվել ջրի և ջեռուցման բացակայության պատճառով: 2019 թվականի աշնանը, 12 500 լարի էր հատկացվել շենքում ջրի խնդիրը լուծելու և կաթսայատան վառարանը ձեռք բերելու համար: Սակայն Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Զարզանդ Կուջոյանի խոսքով, անցյալ տարի՝ 2019 թվականին, մանկապարտեզում որևէ աշխատանք չի իրականացվել:

Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, նախորդ տարի հատկացված գումարը չէր բավարարել այս բոլոր աշխատանքների համար, այդ իսկ պատճառով այն ժամանակ վերանորոգումը չէին սկսել: