Գումբուրդո գյուղի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել գյուղի միակ հացի փռի շինության աճուրդը: Մկրտիչ Ստամբոլցյանը, ով տարիներ շարունակ այնտեղ հաց է թխում Գումբուրդոյի և շրջակա գյուղերի համար, չի կարողացել մասնակցել աճուրդին համապատասխան գումար չունենալու պատճառով և այն վաճառվել է, ինչպես գյուղացիներն են ասում՝ «ուրիշներին»:

tonir

Այսօր, օգոստոսի 8-ին, Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղամեջում և պետությունից պահանջում էին չեղյալ հայտարարել երկու օր առաջ կայացած աճուրդի արդյունքները, ըստ որոնց գյուղի փուռը վաճառվել է:

«Փուռն արդեն 30 տարի է գործում է մեր գյուղի մեջ, գուցե օրենքը չգիտենալով, գուցե այլ պատճառներով տերը չի կարողացել մասնակցել աճուրդին, բայց դա չի նշանակում, որ ով փող ունի կարող է գնել և վերջ: Նախ մեր գյուղի մեջ ոչ մի տուն սեփականաշնորհված չկա, ինչ է, հիմա բոլորին իրենց տներից հանելու են: Այսպես չի կարելի», – ասում է Գումբուրդո գյուղի բնակիչներից մեկը:

Գումբուրդո գյուղի մեջտեղում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության 480 մ² հողատարծքը այնտեղ գտնվող արդեն 30 տարի գործող միակ փռի շենքի հետ միասին աճուրդով վաճառվել է օգոստոսի 6-ին: Աճուրդին մասնակցել է միայն մեկ մասնակից և դրա փակվելուց ընդամենը 28 րոպե առաջ այն ձեռք է բերել 19 500 լարիով:

boxoq

Մկրտիչ Ստամբոլցյանը հոր մահվանից հետո շարունակում է պապից ժառանգած գործը: Նա ամեն օր հաց է թխում և այդ եկամտով պահում իր ընտանիքը: Մկրտիչն ասում է, որ ինքը տեղյակ է եղել աճուրդի մասին, սակայն այդքան գումար չունենալու պատճառով չի կարողացել մասնակցել: Սեփականաշնորհելու մասին միտքը ժամանակ առ ժամանակ նրան անհանգստացրել է, սակայն սեփականության իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ չունի: Վերջերս նրա ընկերը դիմել է համապատասխան մարմիններին, իմանալու թե ինչ կարելի է անել որպեսզի հաստատել սեփականությունը, սակայն այսօր իրավական սեփականատեր է ճանաչվում այլ մարդ:

«Բայց դա իմ պապս է տիրություն արել, հետո հայրս, հիմա էլ ես, եթե մենք չնայեինք, սա կհավասարվեր հողին, հիմա այսօր ով փող ունի, գալու է ու վերցնի՞: Մենք պահանջում ենք, որ այդ աճուրդը չեղյալ հայտարարվի, ես չեմ հասկանում, թե այդ կիսափլված կառույցն ինչպես են 19 000 լարի գնահատել ու հանել վաճառքի»,- ասում է գյուղի միակ փռի սեփականատերը՝ Մկրտիչ Ստամբոլցյանը:

hac

Ամեն օր, այս փռում 120-130 հաց է թխվում, այստեղից հաց են գնում ոչ միայն Գումբուրդո գյուղի բնակիչները, այլև՝ հարևան: Սա Ստամբոլցյանների ընտանեկան բիզնեսն է, միակ աշխատատեղը: Շենքի սովետական տարիների կառույց է, մոտավոր 1950-ական թվականների: Ըստ գյուղացիների, նախկինում այն որպես փոստի շենք է ծառայել գյուղին:

Վալոդյա Ջինիսյանը բարձրաձայնում է. «Այս մարդիկ օրն ի բուն աշխատում են, հաց են թխում, օրվա գումար վաստակում: Բայց, հիմա պետականացրել են, իմանալով որ սեփականության վկայական չունեն ու դրել են տենդերի, մարդը 20 000 լարի ո՞րտեղից գտնի, որ մասնակցի, եթե հազիվ հացի գումար է աշխատում: Մենք գյուղով այս շենքը նվիրում ենք Մկրտիչին և դա նրանն է, տարիներ շարունակ նրանք են տիրություն արել և այդպես էլ պիտի շարունակվի: Չի կարող հարևան գյուղերից որևէ մեկը գա ու դառնա սեփականատեր: Մենք դա թույլ չենք տա»:

tonratun

Գյուղացիները նշում են, որ բացի գումբուրդոցիներից ոչ ոք իրավունք չունի այդ շինությանը տիրանալու և նրանք պահաջում են գործարքը չեղյալ համարել և փուռը վերադարձնել «իսկական» տիրոջը:

«Պետությունը պետք է մեր կարծիքը հաշվի առնի, մենք դեռ չգիտենք ինչ է լինելու հաջորդ քայլը, բայց դա մերն է: Նույնիսկ գյուղից դուրս, ոչ ոք իրավունք չունի դա իրեն վերցնել, իրենք ստեղծել են, իրենք աշխատեցնում են, իրենք էլ պետք է շարունակել աշխատեցնել»,- եզրափակում են գյուղացիները:

Թե ով է գնել փուռը, էլեկտրոնային աճուրդների կայքում չի նշված: Այնտեղ ասվում է, որ հաղթողը պետք է 30 օրվա ընթացքում վճարի գումարը, այլ դեպքում աճուրդը չեղյալ կհայտարարվի: Իսկ աճուրդի օբյեկտի նկարագրի մեջ նշված է, որ այն օգտագործվում է առանց սեփականությունը հաստատող փաստաթղթի և որ այնտեղի շարժական գույքը չի վաճառվում շենքի հետ: