նորություններ 28 Օգոստոսի, 2026 • Բաբաջանյանների ընտանիքի բիզնեսի հաջողության գաղտնիքը

Ենոք Բաբաջանյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղից ապացուցեց, որ նույնիսկ Ջավախքի խիստ կլիմայական պայմաններում հնարավոր է լոլիկ և վարունգ աճեցնել։ Տարածաշրջանում, արևային վահանակների օգտագործմամբ, առաջին նորարարական ջերմոցը կառուցելուց հետո, Բաբաջանյանների ընտանեկան տնտեսությունն ամբողջությամբ մարել է վարկերը և այսօր տարեկան տոննաներով բերք է ստանում, թարմ արտադրանքով ապահովելով Ախալքալաքի և Նինոծմինդայի շուկաները։

Այսօր Ենոք Բաբաջանյանը զբաղվում է տեղական կլիմային և սպառողների պահանջներին համապատասխան տեսակների ընտրությամբ, ուսումնասիրում է շուկան և զարգացնում լոլիկի ու վարունգի աճեցման ընտանեկան բիզնեսը։

pomidorii

Բաբաջանյանների ընտանեկան բիզնեսը ծաղկում է ու արդեն վաղուց աշխատում է շահույթով։ Սկզբում ոչ ոք վստահ չէր, որ Ախալքալաքում ջերմոցը հաջողությամբ կաշխատի, որ արտադրանքի նկատմամբ պահանջարկ կլինի և կձևավորվի սեփական շուկա։ Կասկածներ ուներ նաև ընտանիքը։ Սակայն, ինչպես ասում է Ենոք Բաբաջանյանը, եթե մարդն ունի ցանկություն և պատրաստ է աշխատել, ամեն ինչ հնարավոր է։

«Եթե հնարավորությունները խելամտորեն օգտագործես, կարելի է արդյունքի հասնել։ Պարզապես սա շատ աշխատատար գործ է։ Ամեն օր պետք է հետևել բույսերին, բուժել դրանք տարբեր հիվանդություններից և վիրուսներից։ Ես նույնպես սկզբում մասնագետ չէի և ագրոնոմի փորձ չունեի։ Փորձ չունեի, բայց ցանկությունն այնքան մեծ էր, որ հաղթահարեցի բոլոր դժվարությունները։ Եթե կարողանում ես կարդալ և գրել, կարող ես օգտվել ինտերնետի և արհեստական բանականության օգնությունից», — ասում է Ենոք Բաբաջանյանը։

Ենոքի խոսքով, լոլիկի աճեցումը բավական շահավետ գործ է, նա խորհուրդ է տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին սկսել այս գործը։ Նրա գնահատմամբ, իր արտադրանքն ապահովում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների շուկայի պահանջարկի ընդամենը մոտ 0,01%-ը։  

Տարեցտարի Ենոքը փորձ է կուտակել․ ուսումնասիրել է, թե որ տեսակներն են ավելի լավ համապատասխանում Ջավախքի կլիմայական պայմաններին, որոնք են ավելի մեծ պահանջարկ վայելում գնորդների շրջանում, ինչպես նաև ինքնուրույն սովորել է սածիլներ աճեցնել։  

«Ամեն ինչ էլ կարելի է սովորել և փորձ ձեռք բերել», — կարծում է նա։  

pomidori

Ամեն տարի նրանք աճեցնում են տարբեր տեսակներ, մինչև գտնեն են այն տեսակը, որը միաժամանակ, կլինի լավ հարմարված տեղական պայմաններին և պահանջված տեղական շուկայում։  

pomidori sort

Այս տարի ջերմոցում աճեցնում են հոլանդական վարդագույն՝ «Բինգբարադայ» տեսակը։ Տարբեր տարիներին ընտանիքը փորձել է աճեցնել նաև այլ տեսակներ, որոնց թվում էին «Բելֆորդ» և «Բորոդայ» տեսակները։ Վերջինս վարդագույն չինական տեսակ է, որն, ըստ Ենոքի, իրենց դուր չի եկել։

Ընտանեկան բիզնեսի առաջին տարիներին բերքատվությունը զգալիորեն ցածր էր։ Ընտանիքի փորձի ավելացման և աճեցման տեխնոլոգիաների կատարելագործմանը զուգահեռ բերքատվությունը բարձրացավ։ Նախկինում նրանք տարեկան հավաքում էին մոտ 8 տոննա լոլիկ, իսկ այժմ՝ 12–13 տոննա լոլիկ և 3–4 տոննա վարունգ։

Enok ogurec

Ենոքի աճեցրած լոլիկն ու վարունգը մեծ պահանջարկ ունեն Ախալքալաքում և Նինոծմինդայում։ Լոլիկի գինը մոտ 3 լարի է մեկ կիլոգրամի համար։

Նա նաև փորձարկում է պղպեղի աճեցումը, սակայն առայժմ այն աճեցնում է միայն տնային օգտագործման համար։

perec Enok

Ենոք Բաբաջանյանը ջերմոցը կառուցել է 2019 թվականին։ Ջավախքի համար ոչ սովորական իր ընտանեկան բիզնեսը նա սկսել է միայն գաղափարով․ վերցրել է վարկ, այնուհետև աջակցություն ստացել «Տեղական զարգացման խմբի» (LAG) ծրագրից՝ ENPARD2 ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 50 000 լարի, որից 35 տոկոսը սեփական ֆինանսավորումն էր, իսկ հիմնական մասը՝ 65 տոկոսը, դրամաշնորհ։

Նրա խոսքով, ծրագիրն աջակցել է ոչ միայն ֆինանսապես, այլև բարոյապես։

Այսօր Ենոքն արդեն ամբողջությամբ մարել է վարկերը և աշխատում է շահույթով։

Ենոք Բաբաջանյանի ջերմոցը LAG-ի կողմից ֆինանսավորված այն եզակի նախագծերից է, որը հաջողությամբ մինչ օրս շարունակում է գործել։

Ենոքը կարծում է, որ բիզնես ստեղծելու համար գումարն ամենակարևորը չէ․ շատ ավելի կարևոր է գաղափարը և աշխատելու ցանկությունը։

2023 թվականին Ենոք Բաբաջանյանն ընդլայնեց բիզնեսը և կառուցեց երկրորդ ջերմոցը, որը միացրեց առաջինին։ Այժմ ջերմոցի ընդհանուր մակերեսը կազմում է 400 քառակուսի մետր, սակայն նա նախատեսում է այն ընդլայնել մինչև 500 քառակուսի մետր։

Ենոքի կարծիքով, ջերմոցի մակերեսը պետք է լինի առնվազն 500 քառակուսի մետր, որպեսզի եկամուտները կարողանան ծածկել ծախսերը, և հնարավոր լինի արդյունավետ աշխատել նորարարական համակարգով։

Բացի այդ, նա նախատեսում է տեղադրել սառնարանային սարքավորումներ, որպեսզի կարողանա պահել բերքը և վաճառել այն դեկտեմբերին, երբ լոլիկի գինը հասնում է մինչև 12–13 լարիի։

Լոլիկը կարելի է պահել և վաճառել 40 օրվա ընթացքում։ Ենոքը լոլիկ և վարունգ է աճեցնում հուլիսի վերջից մինչև դեկտեմբերի վերջ։ Նա նաև աճեցնում և վաճառում է կանաչի, սակայն փոքր քանակությամբ։

Ենոքը նաև տեղադրել է արևային վահանակներ և ջերմոցը էլեկտրաէներգիայով ապահովելու համար օգտագործում է արևային էլեկտրակայան։ Արևային կայանը մեկ ժամում արտադրում է 15 կՎտ էլեկտրաէներգիա։

solnechniee paneli

Ենոք Բաբաջանյանը արևային կայանի արտադրած էներգիան վաճառում է «Energo-Pro Georgia» էներգամատակարարող ընկերությանը, իսկ ձմռանն էլեկտրաէներգիա է գնում այդ ընկերությունից։

Ենոք Բաբաջանյանը նշում է, որ ջերմոցում աշխատելն իր համար յուրօրինակ հանգիստ է։

«Մեր բիզնեսը ընտանեկան է, և այն ինձ չի խանգարում։ Ինչ-որ առումով սա ինձ համար նաև հանգստի վայր է․ առավոտյան և երեկոյան աշխատանքից հետո այստեղ հանգստանում եմ», — ասում է նա։

Երեքը մեկում․ Ջավախքի առաջին նորարարական ջերմոցը

Մուրջախեթի ջերմոցային տնտեսությունն ընդլայնվում է

Նորարարական ջերմոց. փորձարկում, որը թույլ է տալիս չվճարել էլեկտրաէներգիայի համար

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝