Ախալքալաքում նոյեմբերի 18-ից 20-ն ընթացավ շախմատի առաջնություն, որին մասնակցում էին 75 մասնակից շրջանի գրեթե բոլոր գյուղերից։
Խաղն անցկացվեց 2 խմբով՝ աղջիկներ և տղաներ, իսկ մրցույթի վերջին օրը պարզ դարձավ հաղթող մասնակիցների անունները։
Տղաների խմբում առաջին տեղի մրցանակին արժանացավ Դավիթ Չախալյանը, երկրորդ պատվավոր հորիզոնականը գրավեց Վլադիմիր Չախալյանը, իսկ երրորդ տեղը գրավեց Վարևանի մասնակից Աբաջյան Արշակը։
Աղջիկների խմբում հաղթեց Դիլիսկան, քանի-որ երեք պատվավոր հորիզոնականներին արժանացած մասնակիցներն էլ Դիլիսկա գյուղի բնակիչներ էին։ Առաջին տեղը գրավեց Սոնա Կարախանյանը, երկրորդ տեղ՝ Հրանուշ Կարախանյանը և երրորդ տեղի մրցանակին արժանացավ Ասյա Գաբրիելյանը։
«Մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի շրջանի գյուղերի մեծ մասը և շատ հետաքրքիր ու լարված խաղ էր ընթանում։ Մրցույթի ընդհանուր ծախսերը՝ սնունդ, պատվոգրերը, մեդալները և հուշանվերները կազմեց հազար 1100 լարի», – մրցույթի կազմակեպման և ընթացքի մասին պատմեց Ախալքալաքի սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը։
Հաղթող մասնակիցները պարգևատրվել են գրաված հորիզոնականներին համապատասխան մեդալներով, պատվոգրերով և նվերներով։ Բացի մասնակիցներից հուշանվերների են արժանացել նաև շախմատի մարզիչները։
Մասնակիցներից Արթուր Մոսոյանը, ով արդեն 2-րդ անգամ է մասնակցում շախմատի մրցույթին՝ կարևորում է մասնակցությունը և փորձի ձեռքբերումը՝ «Սա հնարավորություն էր ևս մեկ անգամ նման մրցույթում դրսևորվելու, չնայած չեմ հաղթել, բայց խաղից գոհ եմ»։
Ասյա Գաբրիելյանը արդեն 7-րդ անգամ մասնակցում է շախմատի մրցույթին և ունի հինգ մեդալ, սակայն այս անգամ նա մասնակցել է հանպատրաստից։
«Ինձ համար մրցույթում կարևոր է համախմբվածությունը, սակայն հաղթանակը նույնպես կարևոր է։ Կախված ձեռքբերումներից ավելանում է նաև պատասխանատվությունը՝ եթե ես ունեմ չեմպիոնի կոչում, ապա պիտի այն բարձր պահեմ և չեմպիոնին արժանի խաղամ»,- ասաց երրորդ հորիզոնական գրաված Ասյա Գաբրիելյանը։
Ջուլիետա Տոնականյան