Ախալքալաքի փողոցներում և գյուղերում թափառող շների թիվն ավելանում է: Շներին բռնելն ըստ մրցույթի՝ վերջին անգամ իրականացվել է ապրիլի 27-ին և դրանից հետո չի վերսկսվել, ապաստարանը, որտեղ տանում են շներին, փակ է կարանտինի պատճառով:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքում մինչ օրս ստերիլիզացված շների թիվը 61 է: Անցած տարվա դեկտեմբերին ստերիլիզացման է տարվել 38 շուն, իսկ այս տարվա ապրիլին՝ ևս 23 շուն։ Մրցույթի համաձայն՝ մինչև աշխատանքների վերջնաժամկետը հարկավոր է ստերիլիզացնել ևս 79 շուն, ընդհանուր առմամբ նախատեսված է 140 շուն։
«Ընդամենը 3 անգամ ենք մենք եկել՝ 2 անգամ անցյալ տարվա դեկտեմբերին, 1 անգամ՝ ապրիլի 27-ին: Այս պահի դրությամբ այնտեղ, որտեղ գտնվում է ապաստարանը, կատաղության դեպքերի պատճառով մեկ ամսից ավելի կարանտին է, ուստի արգելված է այնտեղ շներին տանել: Սպասում ենք կարանտինի ավարտին»,- մեկնաբանեց մրցույթը շահած ընկերության տնօրեն Թեմուր Լաչղեբիանին։
Հիշեցնենք, որ 2022 թվականին, հոկտեմբերի 18-ին առաջին անգամ այս ծառայությունների համար մրցույթ էր հայտարարվել՝ 22 033 լարիի չափով։ Այդ ժամանակ մրցույթը չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով և նույն գումարով կրկին հայտարարվել էր 2022 թվականի նոյեմբերի 7-ին։ Երկրորդ անգամ մրցույթը, այնուամենայնիվ, կայացել էր, և այն շահել էր «Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը»՝ առաջարկելով մրցույթում նշված նույն գումարը՝ 22 033 լարի։ Ըստ մրցույթի՝ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ։
Այս տարի շներին բռնելու գործընթացը դեռ չի վերսկսվել