Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերականորոգման աշխատանքները ավարտվել է, բայց մարզադաշտ լիարժեք չի վերանորոգվել: 73 999 լարի արժողությամբ կատարված աշխատանքներն ընդունել է Ախալքալաքի Շրջանային Վարչությունը:
Այս տարի Ախալքալաքի ենթակառուցվածքային զարգացման շրջանակներում որոշվել էր վերականգնել Ախալքալաքի միակ մարզադաշտը: Սակայն, մարզադաշտի վազքուղու, գազոնի (խոտածածկ), ինչպես նաև մի շարք այլ ասպեկտներ չեն ընդգրկվել վերականգնողական նախագծի շրջանակներում, ինչի պատճառով, ընդհանուր առմամբ մարզադաշտի տեսքը չի փոխվել ամբողջությամբ:
Տենդեր-մրցույթի նախնական գումարը պետական գնումների կայքում, Ախալքալաքի մարզադաշտի վերականգնման համար 100.000 լարի էր: Էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 3 ընկերություններ` ՍՊԸ «Ինտերը», անհատ ձեռնարկատեր Լևոն Քերոբյանը և ՍՊԸ «ՎԵՄ»-ը: Թվարկվածներից վերջինը առաջարկել էր ամենաքիչ գումար մարզադաշտի վերանորոգման համար, սակայն որակազրկվել է, քանի որ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում տեխնիկական խնդիրներ են եղել:
Այդպիսով, տենդերը շահել է անհատ ձեռնարկատեր Լևոն Քերոբյանը` 73 999 լարիով:
Ախալքալաքի վերանորոգված մարզադաշտը լուսանկարներում և կարճ մեկնաբանություններով.
Մետաղական դարպասների ապամոնտաժումը, պատրաստումը, ընդլայնումը` պետական բյուջեի վրա արժեցավ` 3463.1 լարի:
Մարզադաշտում տեղադրված մեկ նստարանի արժեքը` 11 լարի է, նստարանների ընդհանուր թիվը` 696, ընդհանուր արժեքը կազմում է 7 656 լարի:
Հանդիսատեսի համար նախատեսված տարածքի վերականգնումն ամբողջությամբ 23020.17 լարի է կազմել:
Շինություն №2 –ի վերականգնումը 13280.22 լարի է արժեցել: Նույն շենքում կա զուգարան հանդիսատեսի համար` 14104,67 լարի արժողությամբ:
Մեկ աղբամանի գինը կազմում է 35 լարի, թվով 10 աղբաման է նախատեսված, ընդհանուր արժեքը 400 լարի, տեղադրված է 6 հատ, իսկ մնացածը, ինչպես խոստանում են, պիտի տեղադրվի:
Շինություն №1 վերականգնումը` 11445.94 լարի է:
«Սպորտային քաղաքը», որը մինչ այդ չկար մարզադաշտում, պետական բյուջեի վրա արժեցավ` 8684.90 լարի:
Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը հաստատեց, որ մարզադաշտի վերականգնողական աշխատանքներն ավարտվել է, և ընդունվել Շրջանային Վարչության կողմից: Ալբերտ Նահատակյանի խոսքով ինչ-որ բաներ դեռ մնացել է ավարտին հասցնելու համար:
«Օրինակ, ոչ բոլոր աղբամաններն է տեղադրվել, քանի որ այդ ժամանակ պիտի սկսեին մրցումները: Պետք է նաև փոխել պատուհանի կոտրված ճաղավանդակները: Մենք ընդունել ենք աշխատանքը, և կատարված աշխատանքը մեզ դուր է գալիս: Ըստ նախագծի դաշտի գազոնը (խոտածածկ) չէր նախատեսված վերականգնել, և ոչ էլ վազքուղին: Վերանորոգումներ են կատարվել` մրցավարական շենքում, փոխվել է տանիքը, հատակը բետոնապատվել է, սարքվել են մարզչական նստարաններ և հանդերձարանը: Ներսում կառուցվել է 2 զուգարան, մեկը մարզիկների համար` մուտքը ներսից, մեկը դրսից` հանդիսատեսի համար: Ծրագիրը չէր նախատեսում հանդիսատեսի նստատեղերի փակ ծածկույթի կառուցում: Փափուկ գորգեր սպորտային գործիքների տակ նույնպես հարկավոր են, բայց նախագծով միայն այդ աշխատանքներն էր նախատեսված», – ասաց Ալբերտ Նահատակյանը:
Բայց կոնկրետ, երբ կվերականգնվի «մնացածը» դեռևս անհայտ է:
Քրիստինե Մարաբյան