Ախալքալաքում շներին որսալը և ստերիլիզացումը դադարեցվել է անցած տարվա դեկտեմբերին և դեռ չի վերսկսվել։ 2022 թվականի դեկտեմբերին Ախալքալաքում 38 շուն են բռնել և տարել ստերիլիզացման։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստերջացման ենթարկել 140 շան։
Թափառող շների խնդիրը հատկապես արդիական է դարձել՝ կապված գարնանամուտի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ երկրորդ փորձից հետո ի վերջո մրցույթը կայացել է 2022 թվականի դեկտեմբերին, սակայն մինչև հիմա շներին ընդամենը երկու անգամ են բռնել՝ ստերջացնելու նպատակով:
Մրցույթում հաղթած ընկերության տնօրեն Թեմուր Լաչխեբիանիի խոսքով, իրենք դեկտեմբերին երկու անգամ այցելել են Ախալքալաք։ Դրանից հետո եղանակային վատ պայմանների պատճառով աշխատանքները դեռ չեն վերսկսել։
«Դեկտեմբերին պայմանագիր է կնքվել, և իրականացվել է շների ստերիլիզացում։ Թիվը սպասվածից քիչ էր, քանի որ եղանակային վատ պայմանները խանգարում էին աշխատանքին։ Հետևաբար պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր: Մոտ 40 շան բռնել ու տեղափոխել ենք, ստերիլիզացվել են, վնասատուներից մաքրվել, ինչպես նաև իրականացվել է անհրաժեշտ այլ ծառայություններ, այնուհետև շներին պիտակներ են փակցվել և հետ ենք բերել։ Ամեն այցելության ժամանակ մոտ 15-20 շուն ենք բռնում, պայմանագրում կոնկրետ թիվ նշված չէ։ Չգիտենք՝ երբ նորից կգանք, պլանավորում ենք ապրիլին»,- ասում է նա։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 7-ին պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ, իսկ պայմանագրի ժամկետը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Մրցույթի պայմանների համաձայն՝ շներին բռնելու և ստերիլիզացնելու ծառայությունը պետք է տրամադրվի ամսական առնվազն երեք անգամ (կոնկրետ ամիսներն ընտրվում են գնորդի և հաղթողի միջև պայմանագիրը կնքելու պահին):
Ինչպես Jnews-ին հայտնեց Ախալքալաքի քաղաքապետարանի Բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլին՝ ստերիլիզացված շների ստույգ թիվը կազմում է 38։
«Պայմանագիրը նախատեսված էր մինչև անցած տարվա վերջ, այն երկարաձգվեց։ Այդ տարի ստերիլիզավել է 38 շուն, այս տարի դեռ չեն սկսել, սպասում են եղանակի բարելավմանը։ Ստերիլիզացիա են անում, կաստրացիա, կատաղած շներին պահում են, իսկ մնացածին հետ են բերում, օրենքն է այդպիսին, շները պետք է իրենց տարածքում լինեն: Ինչքան ես եմ հիշում, ընդհանուր առմամբ 140 շուն պետք է ստերիլիզացվի»,- ասաց նա։
Այս պահին քաղաքապետարանը կատարող ընկերությանը փոխանցել է 5980,38 լարի, որը կազմում է ընդհանուր մրցութային գումարի 27%-ը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին առաջին անգամ այս ծառայությունների համար մրցույթ է հայտարարվել հոկտեմբերի 18-ին՝ 22 033 լարիի չափով։ Մրցույթը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով և նույն գումարով կրկին հայտարարվել է արդեն նոյեմբերի 7-ին։ Երկրորդ անգամ մրցույթը կայացել է, և այն շահել է Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը՝ առաջարկելով մրցույթում նշված նույն գումարը՝ 22 033։
Կարդացեք նաև՝
Ախալքալաքում շունը կծել է տարեց կնոջ գլուխը
Անմեղ մեղավորները. Ախալքալաքի անօթևան շները