Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով (2022թ. հոկտեմբերի 8) ֆիգուրանտներից մեկը՝ Ախալքալաքի բնակիչ Արթուր Թերջանյանը դեռևս գտնվում է քննչական մեկուսարանում, արդեն 8 ամիս է գործը չի հասնում դատական նիստին։ Այս ընթացքում Արթուրի ընտանիքն ու հարազատները վճարել են փաստաբանի ծառայությունների համար, սակայն այս ամսվանից հարազատները չեն կարող վճարել այդ ծառայությունների համար, ընտանիքը ֆինանսական աջակցության կարիք ունի, որպեսզի, ինչպես իրենք են ասում՝ ապացուցեն նրա անմեղությունը։

Ընտանիքի անդամները կապ են պահպանում Արթուր Թերջանյանի հետ, նրա վիճակը վատ չէ: Մինչ այժմ հարազատներն են օգնել փաստաբանի ծախսերը մարելու հարցում։

«Նրանք այլևս ի վիճակի չեն օգնելու, հետաքննությունը երկար է տևում, և մեզ անհրաժեշտ են փաստաբանի ծառայություններ, որոնք շատ թանկ են մեր ընտանիքի համար: Այս ամսից մենք փաստաբանի համար բացարձակապես փող չունենք: Նա նստած է Մոսկվայի քննչական մեկուսարանում։ Նրան մեղադրում են պայթուցիկ նյութեր տեղափոխելու մեջ, սակայն ապացույցներ չկան, հետաքննությունը շարունակվում է, և ոչինչ պարզ չէ։ Տեղեկություններ չկան, թե որքան կտևի հետաքննությունը։ Գործը չի հասել դատարան։ Երբ գալիս է դատաքննության օրը, քննությունը լրացուցիչ ժամանակ է պահանջում, քանի որ չկան փաստեր և ապացույցներ, փորձաքննությունը դեռ պատրաստ չէ: Նա դեռ կրկին գործի ֆիգուրանտ է, բայց ոչ մեղադրյալ»,- ասում է Արթուրի կինը՝ Ժենյան։

Հիշեցնենք, որ Արթուր Թերջանյանն իրեն անմեղ է համարում Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործով։ Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է հոկտեմբերից։ Ախալքալաքի բնակիչ Արթուր Թերջանյանը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի գործում հիշատակվում է որպես Փոթիից Հայաստան, ապա Ռուսաստան բեռներ տեղափոխող DAF բեռնատարի վարորդ։ Այս բեռնատարից ապրանքները, ըստ ԱԴԾ-ի, վերբեռնվել են մեկ այլ բեռնատար, որը պայթել է հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա։

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով 8 ձերբակալվածների մասին։ Արթուր Թերջանյանը նրանցից մեկն է։ Մեքենան, որը նա վարել է որպես վարձու վարորդ, երթևեկել է մի ճանապարհով, որն ընդգրկում է և՛ Վրաստանը, և՛ Հայաստանն ու Ռուսաստանը: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է այս բեռնատարի տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը: Նշվում է, որ ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և, ստանալով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ, մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:

Արթուր Թերջանյանի ընտանիքի անդամները մտահոգված են, որ եթե չկարողանան վճարել փաստաբանի ծառայությունների համար, ապա նրա շահերը պաշտպանող չի լինի, և նրան կմեղադրեն հանցակցության մեջ։ Նրանք նշում են, որ եթե կա մեկը, ով պատրաստ է օգնել իրենց պայքարել Արթուրի անմեղությունն ապացուցելու համար, կարող են փաստաբանի ծառայությունների համար գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.

«Սբերբանկ»՝ +79060200475 հեռախոսահամարով (Aleksey Gurgenovich)
«Սաքարթվելոս բանկ»՝ GE84BG0000000533862466, Kamo Terchanyan

Կարդացեք՝

Ղրիմի կամրջի վրա հրդեհ է

Ղրիմի կամրջի պայթյունի մեջ կասկածվողներից մեկն Ախալքալաքի բնակիչ է

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ֆիգուրանտ Ա. Թերջանյանը կալանքի տակ կմնա մինչև դեկտեմբերի 8-ը