Մայիսի 18-ը Վրաստանում նշվում է որպես ազգային հագուստի՝ տարազի տոն, որի առթիվ Ախալքալաքի Մշակույթի տունը կազմակերպել էր շքերթ։
Շքերթին մասնակցում էին Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթները, ինչպես նաև Վաչիան, Դիլիսկա, Խանդո, Արագվա, Կորխ, Վարևան, Սուլդա, Ազավրեթ, Կիրովական գյուղերի պարի խմբերը։
«Շատ հաճելի է, որ այսօր այսքան պայծառ երիտասարդներ իրենց ազգային հագուստներով են ներկայանում, նման փառատոնները անհրաժեշտ են որպեսզի ամուր պահենք ազգային արմատները»,- նշեց Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը։
Երիտասարդները պարի խմբի բեմական զգեստներով Ախալքալաքի մշակույթի տան մոտից դրոշներով ու իրենց խմբերի անունները վանկարկելով քայլեցին դեպի Ախալքալաքի կենտրոնական այգի՝ Խաս բախչա, որտեղ էլ տոնի կապակցությամբ շնորհավորանքներից հետո ելույթ ունեցան երթին մասնակից տարբեր խմբեր։
Խաս Բախչայում Երիտասարդներին ողջունեց նաև Ախալքալաքի շրջանի մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանման և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, ով շնորհավորեց տոնի կապակցությամբ և մաղթեց երիտասարդներին, որ միշտ ակտիվ մնան։
Երփներանգ, փայլուն ու շքեղ զգեստներով երիտասարդները այսօր զարդարեցին քաղաքի կենտրոնական փողոցներն ու այգին։ Անցորդները սիրով ու հետաքրքրությամբ էին նայում և լուսանկարում պարարվեստի Ջավախքի ներկայացուցիչներին։
Պարի խմբերի զգեստները ստեղծվում են հիմքում ունենալով տարազը, քանի որ ազգագրական խմբերը պարում են ազգային պարեր, որոնք ներկայացնում են նախնիների կենցաղը, կենսակերպը և մշակույթը։ Սակայն բեմական զգեստը տարբերվում է բուն ազգային տարազից։
«Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելին ևս շնորհավորեց բոլոր ներկաներին և հույս հայտնեց, որ յուրաքանչյուր տարի շքերթի անդամների քանակը էլ ավելի է մեծանալու։
Սոնա Տոնականյան