Հոկամի երիտասարդների համար կրթվելու և ընդհանուր հավաքի միակ վայրը գյուղի դպրոցն է, իսկ դպրոցից հետո նրանք կամ տանը դաս են սովորում, կամ էլ ծնողներին են օգնում տնային գործերում։ Երիտասարդներն ուզում են ունենալ փոքրիկ մի անկյուն, որտեղ կկարողանան հավաքվել, ինքնակրթվել և իրազեկվել:

Այսօր Հոկամի երիտասարդների միակ հույսը գյուղի հայ-վրացական դպրոցն է, որը կարող է որպես երիտասարդական կենտրոն ծառայել, սակայն դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ նոր դպրոց կառուցեն, թե ե՞րբ նոր դպրոց կկառուցեն, պարզ չէ:

Jnews-ի հետ զրույցում գյուղի հայկական դպրոցի տնօրենը նշեց, որ Երիտասարդական կենտրոնի առկայությունը պարտադիր է երիտասարդների ոչ ֆորմալ կրթության համար:

«Երիտասարդական կենտրոնի առկայությունը մեր գյուղում հատկապես կարևոր է, քանզի սա հնարավորություն կտա գյուղի տարբեր ազգերի ներկայացուցիչների երիտասարդների ընկերացմանն ու ինտեգրմանը։ Երիտասարդական կենտրոնը կդառնա մի վայր, որտեղ երիտասարդները կխորհեն և կվերլուծեն այնպիսի խնդիրներ, որոնք առկա են ոչ միայն գյուղում այլ նաև ընդհանուր հասարակությունում։ Եվ վերջապես երիտասարդները կկարողանան կիսվել միմյանց կարծիքներով», – ասում է Հոկամ գյուղի երիտասարդներից Նանա Կոչալիձեն։

Երիտասրդները մեզ հետ զրույցում կարևորում են նաև այն, որ գյուղում ապրում են տարբեր ազգություններ եւ նրանց հնարավորություն չի տրվել ավելի մոտիկից ծանոթանալ մեկը մյուսի մշակույթին, խոհանոցին, կրոնին և այլնին։

Ազգությամբ հայերն ու վրացիներն ապրում են նույն գյուղում, սակայն այս հեռավորությունը հետզհետե նրանց մեջ բարիերներ է ստեղծել:

Ուստի հատկապես կարևոր է գյուղում Կենտրոն ունենալ, որը կդառնա ոչ միայն երիտասարդների կրթվելու ու հավաքվելու վայր, այլ ամուր հիմք երեք ազգի ներկայացուցիչների ընկերացմանն ու ինտեգրմանը:

Երիտասարդները նշում են, որ գնալու են իրենց երազանքների հետևից, ինչքան դրանք այսօր անիրական են թվում, միևնույն է, նրանք հուսախաբ չեն լինում: Մի օր հաստատ կունենան Երիտասարդական կենտրոն, որը մի հարկի տակ կհամախմբի բոլորին՝ անկախ ազգությունից ու կրոնից:

Դիանա Սահարյան