Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի բնակիչներն առաջնային խնդիրների ցանկում առանձնացնում են մանկապարտեզի բացակայությունը:

Գյուղի երեխաները հաճախում են Վաչիանի մանկապարտեզ: Նշում են, եթե իրենց գյուղում մանկապարտեզ կառուցվի, ապա Քարսեպի և Ազմանայի երեխաները նույնպես կկարողանան հաճախել Հոկամի մանկարատեզ:

«Մեր գյուղի երեխաների մի մասին Վաչիան են տանում, մյուսին՝ Գոգաշեն։ Գյուղում մանկապարտեզ ունենալը պարզապես անհրաժեշտություն է։ Թող Հոկամում լինի, համ երեխաները տեղում կհաճախեն, համ էլ աշխատատեղ կբացվի», – ասում է Հոկամի բնակիչ Հովհաննեսը։

Հավելում է՝ երեք գյուղի բնակչությունը միասին կազմում է մոտ 220 տնտեսություն, ինչն էլ բավականին նշանակալի թիվ է, որպեսզի իրենց գյուղում նույնպես մանկապարտեզ բացվի։

Ընդգծենք, որ Հոկամից 12 երեխա է հաճախում Վաչիանի մանկապարտեզ, իսկ Ազմանայից, Քարսեպից և Ափնիայից 12 երեխա՝ Գոգաշենի մանկապարտեզ։

Ախալաքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է, որ Հոկամում մանկապարտեզ կառուցելու նախագիծ չկա, քանի որ այդ տարածքում մոտ մանկապարտեզ կա։

«Հիմնականում եթե կառուցենք մանկապարտեզներ, ապա շեշտը պետք է դնենք այն գյուղերի վրա, որոնք հեռու են և մոտակա տարածքներում մանկապարտեզ չկա, օրինակ՝ Խավեթի, Զակի, Ալաստանի կողմերում», – ասում է Անահիտ Ասատուրյանը: