Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղի մզկիթի բակում հունիսի 28-ին՝ վաղ առավոտյան, մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել։ Հոկամի մզկիթում աղոթելու էին գալիս նաև հարևան՝ Ազմանա, Ափնիա, Չունչխա, Պտենա գյուղերի մուսուլմանները: Հատկանշական է, որ մզկիթում աղոթում են միայն տղամարդիկ, իսկ կանայք՝ տանը: Սովորաբար աղոթքը սկսվում է ժամը 4.45-ին և մինչև աևի դուրս գալն ավարտվում է:
Երեկ մուսուլմանական աշխարհը նշում էր Կուրբան Բայրամ տոնը: Այդ օրը մուսուլմաններն անասուն են զոհաբերում և մի մասը բաժանում չունևորներին։
67 տարեկան Նարգուլ Կախաձեն դեռ երեկվանից աշխույժ եռուզեռի մեջ էր։ Հարսի հետ միասին քաղցրավենիքներ է պատրաստել, որոնցից գլխավորը, ինչպես ինքն է ասում՝ հալվան է։ Հալվան բացի տոնական սեղանին մատուցելուց նաև ամուսնու գերեզմանին է տանելու: Նարգուլի խոսքով, այս տոնը երբեք չեն կարող նշել առանց անցյալներին հիշելու:
Առավոտյան արթնանալով առաջինը որդուն է ուղարկել մզկիթ աղոթելու, այնուհետև՝ աղջիկ թոռներին գեղեցիկ շորեր է հագցրել, գլխաշորեր կապել և բացատրել, որ կարևոր օր է, և բոլորը պետք է գեղեցիկ լինեն։
Գյուղացիները մեծամասամբ մի քանի ընտանիքով մեկի տանն են հավաքվում և մի չորքոտանի մորթում: Այս տարի Նարգուլենց տանն են հավաքվել հարևաններն ու Ափնիա գյուղից բարեկամները:
«Մանկությունից միշտ նույն կերպ ենք նշել այս տոնը: Հոկամ տեղափոխվելուց հետո էլ դարձյալ նույնը շարունակում ենք: Սա մեր ամենասիրելի տոներից է, և այդպես էլ կշարունակվի: Աղջիկները այս օրն անպայման զգեստով են լինում։ Մենք՝ կանայք տանն ենք աղոթում, իսկ տղամարդիկ մզկիթում: Այս տարի վեց ընտանիքով մի կով ենք մորթել։ Նախօրոք ենք որոշում ում տանն ենք հավաքվում և սեղան գցում»,- պատմում է Նարգուլ Կախաձեն:
Մզկիթից վերադառնալուց հետո տղամարդիկ պատրաստվում են անասունը մորթելու արարողությանը։ Մինչև մորթելը նախ կատարում են «աբդեսը», այսինքն՝ լվանում են ձեռքերը մինչև արմունկները, լվանում են երեսը, լվանում են ոտքերը մինչև կոճիկները։
Այնուհետև կտրում են անասունի գլուխը դեպի արևելք ուղղությամբ, միաժամանակ կրկնելով տոնական աղոթքը «թաքբիրը»։ Մորթած անասունի միսը բաժանում են վեց հավասար մասերի:
Տան փոքրիկները հիմնականում օգնում են մեծերին, տղաները միս բաժանելուն, իսկ աղջիկները՝ սեղան գցելուն։
Միսը բաժանվում է հարազատների և հարևանների, ինչպես նաև չունևորների միջև։ Այդ մսից կարելի է ամեն ինչ պատրաստել արգելվում է միայն ալկոհոլի հետ օգտագործումը:
Նարգուլը քրիստոնյա հարևաններին ևս բաժանում է մսից, միայն թե զգուշացնում է ալկոհոլի հետ օգտագործելը մեղք է։
Նարգուլենց ընտանիքը Հոկամ տեղափոխվել է 1989 թվականին: Կուրբան Բայրամը ոչ միայն Նարգուլ Կախաձեի ընտանիքի, այլ նաև ամբողջ մուսուլմանների ամենասիրելի տոնն է։ Հոկամում վերջին տաս տարում է, որ մուսուլման վրացիները, ինչպես տեղացիներն են ասում` աջարները, մզկիթ ունեն, էկոմիգրանտներին հատկացված տներից մեկը վերանորոգել են որպես մզկիթ: