Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի բնակիչներին անհանգստացնում է ջրի խնդիրը։ Գյուղում մաքուր խմելու ջուր չունեն, չունեն նաև անասունների համար խմելու ջուր և ոռոգման համակարգ։

Հոկամի բնակիչ Խմալաձե Մերաբն ասում է՝ ամենահրատապ խնդիրը, որը պետք է լուծել, դա խմելու ջրի խնդիրն է, գյուղացիները թունավորվում են, ուզած-չուզած խմելու ջուրը գնում են։

«Թունավորվում ենք, արդեն մի քանի տարի է քլոր չի լցվում։ Բերել մեր խմելու ջրի մոտ ձկների լողավազաններ են կառուցել, որտեղից էլ ջուրը լցվում է մեր խմելու ջրի ավազան։ Ահավոր հոտ է գալիս ջրից, որ խմում ենք, հոտը կոկորդներիս է մնում։ Մեր խնդրանքն է՝ գոնե քլորացեն, մաքրեն ջուրը։ Ի՞նչ է, ձուկն ավելի կաևոր է, քան մենք»:

Գյուղացիները նշում են, որ հիմնականում ամռան սեզոնին ինչ ասես ջրի ավազանի մեջից դուրս չի գալիս: Պատմում են, որ անցած տարի գառ է ընկել ավազանը, իսկ բնակիչները չիմանալով, որ սատկած կենդանի կա, խմել են այդ ջրից։

JNEWS-ը Հոկամում արձանագրեց, որ գյուղում ջուրը ուժեղ շիթով հոսում է, սակայն մարդիկ այն խմելու և կենցաղում օգտագործելու համար պիտանի չեն համարում:

Այս գյուղում մարդկանց խնդրանք-պահանջը մեկն է՝ քլորացնել ջուրը, չթողնել, որ այլ ավազաններից ջուրը լցվի խմելու ջրի ավազան։

Հոկամում ջրի սպասարկումն իրականացնում է Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերությունը։ JNEWS-ի հետ հեռախոսազրույցում ասացին.

«Ընկերության սպասարկման ներքո գտնվող վայրերում ամենօրյա ստուգումներ և մոնիթորինգ է անցկացվում: Օրգանական, ֆիզիկական և քիմիական, ինչպես նաև միկրոբիոլոգիական անալիզների հետազոտությունների հիման վրա որոշվում է՝ արդյո՞ք խմելու ջրի որակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի հաստատված սանիտարական պահանջներին: Որպեսզի բնակիչները հանգիստ լինեն հենց այս պահին խումբ կուղարկենք գյուղ, չնայած այն հանգամանքին, որ վստահ ենք, ջուրն ստուգված է»:

Ընկերությունից նաև նշեցին, որ շատ անգամ են ապատեղեկատվություն տարածում, սակայն, երբ խումբը գնում է ստուգման, խնդիրներ չեն բացահայտվում:

Shavadze Shota

Հոկամ գյուղում խնդրահարույց է նաև անասունների խմելու ջուրն ու ոռոգման ջուրը: Իսկ գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:

Բանն այն է, որ գյուղի կենտրոնում արհեստական լիճ կա, որտեղ գյուղացիների խոսքով, կոյուղաջրեր են լցվում և անասունները չեն կարող այդ ջուրը խմել:

arhestakan lich

«Ոռոգման ջուրը մեզ համար երազանք է։ Անասուններին տանում հանում են «բեմզաներից» այն կողմ, նորից հետ են դարձնում, բերում են գյուղի մեջ ջրելու, այդպես չի կարելի։ Այդ գյուղամիջյան լճի մեջ էլ կոյուղագծերն են կապված, անասունն էլ խմում է»,- ասում է Ռազմիկ Մղդեսյանը։

Ջուրը, որ սարի տակից էր հոսում, այս տարի ցամաքել է, չի հոսում։ Գյուղում 1 500 անասուն կա, որոնց սար են քշում արածելու, անասունն առավոտից մինչև երեկո առանց ջրի է մնում:

Գյուղացիներն այս խնդրի լուծումը տեսնում են հետևյալ կերպ. «Վերևը սարից ջուր է գալիս, այդ ջուրը պետք է հավաքել, ավազան կառուցել, որպեսզի մեջը հավաքվի, եթե ավազան լինի, ապա ձմռան ձնհալի ջուրն էլ կլցվի և գարնանն անասուններին լիովին կբավարարի»: