Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսի 1-ին, ժամը 12:00-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում կկազմակերպվեն մանկական տարաբնույթ միջոցառումներ և ժամանցային ակտիվություններ։
Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության և սպորտի բաժնի պետ Վալերի Ստելմաշովը Jnews-ին ասաց, որ հունիսի 1-ի ծրագիրը ներառում է «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնի ներկայացումներ, մշակույթի տան մանկական պարային համույթների ազգային և ժամանակակից ոճով ելույթներ և Ախալքալաքի «Ապագայի տան» սաների կողմից մանրապատում։
Նաև Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի սաները կօգնեն երեխաներին նկարել ասֆալտին:
«Եթե եղանակը թույլ տա, մենք կանենք վերը նշված ամենը, ինչպես նախատեսված է, եթե հանկարծ անձրև գա, ակտիվությունները կտեղափոխվեն Ախալքալաքի Մշակույթի տան դահլիճ», – նշեց Ստելմաշովը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին: Այն հիմնադրվել է 1949 թվականին՝ Փարիզում, Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։