Ախալքալաքի բնակիչներն անընդհատ դժգոհում են, որ «իրական պայմաններում վարելու» գործնական քննության ավելացմամբ իրենց անարդարացիորեն կտրում են քննությունից՝ հորինելով խախտումներ։ Քաղաքի բնակիչներից մեկը բողոքարկել է քննության արդյունքները։ Ըստ նրա ընտանիքի անդամների՝ իրենց բողոքը բավարարվել է, և ՆԳՆ Սպասարկման գործակալության հաշվին հրավիրել են ևս մեկ փորձ անելու։ Այս փորձը նույնպես ձախողվել է, սակայն երիտասարդի ընտանիքը կարծում է, որ քննության ձախողումը կրկին անարդար է եղել։

Արդեն երկու տարի է, ինչ Վրաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությանն ավելացվել է «իրական պայմաններում վարելու» մասը, այսինքն՝ քաղաքում։ Ախալքալաքցիներից շատերը մինչ այս քննությունը հանձնելը 7-8 փորձ են անում՝ նշելով, որ իրենց «կտրում» են հորինված պատճառներով։

Քննությունը հանձնելու 7 փորձից հետո Ախալքալաքի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, որոշել է բողոքով դիմել Ռուսթավիի ՆԳՆ Սպասարկման գործակալության գլխավոր վարչություն և ստացել է դրա պատասխանը։

«Տղաս արդեն մեկ տարի է, ինչ տանջվում է վարորդական վկայական ստանալու համար: Անընդհատ կտրվում է նույն բանի վրա, իբր հետիոտնային անցումում։ Երկու անգամ նման բան արեցին, մենք լռեցինք, սակայն երրորդ անգամ, երբ նա կրկին հասավ հետիոտնին, նրանից առաջ մի աղջիկ էր հանձնում, նա քշում էր նրա հետևից, նա անցավ, նրան վկայական տվեցին, իսկ երբ տղաս հասավ հետիոտնին, հրահանգիչը սեղմեց արգելակման ոտնակին և կանգնեցրեց մեքենան ու ասաց. «Չե՞ս տեսնում աղջկան: Ինչո՞ւ չես թողնում նրան անցնի»: Տղաս դուրս եկավ, նայեց, և այնտեղ ոչ մի աղջիկ էլ չկար», – պատմում է հանձնողի մայրը:

Սրանից հետո նա ընտանիքի հետ որոշել է դիմում ներկայացնել Սպասարկման գործակալություն։

«Դիմում ենք գրել, որ ես, արդեն երրորդ անգամ եմ քննություն հանձնում, և ամեն անգամ ինձ ասում են, որ չեմ նկատել աղջկան հետիոտնի վրա: Խնդրում եմ, ցույց տվեք, թե որտեղ է այդ աղջիկը», – պատմում է նա։

Նա հավելում է, որ Սպասարկման գործակալության Ախալցիխեի Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն իրենց հետ են պահել դիմում գրելուց, սակայն իրենք դա գրել են, քանի որ լրանում էր տարին, որի ընթացքում ուժի մեջ էին տեսական և ավտոդրոմում գործնական քննության արդյունքները։

Մեր զրուցակցուհու խոսքով՝ բողոքարկումից մեկ ամիս անց պատասխան են ստացել, որ իրենք ճիշտ են, և դատելով տեսախցիկների տեսագրություններից՝ հետիոտնի վայրում իսկապես աղջիկ չկա: Գրասենյակը նրանց հրավիրել է կրկին իրենց հաշվին քննություն հանձնել Ախալցիխեում։

«Մենք կրկին գնացինք Ախալցիխե: Որդիս իր հաշվին երեք պտույտ կատարեց մասնավոր ուսումնական կենտրոնում: Այս կենտրոնի հրահանգիչն ասաց, որ զարմացած է, թե ինչու է նա կտրվում քննությունից, և որ նրա մոտ լավ է ստացվում: Սրանք կրկին ծախսեր են ճանապարհի, սնվելու համար, տեղեկանքի ժամկետը լրացել էր, նոր տեղեկանք էինք վերցրել և այլն»,- պատմում է նա։

Բայց ի վերջո այս փորձը նույնպես անհաջող էր։ Շրջաձև երթևեկության ժամանակ նրան վրա է եկել մեկ այլ մեքենա, և հրահանգիչը ստիպված է եղել արգելակել՝ վթարից խուսափելու համար։

«Նա բոլոր մեքենաներին թողեց անցնեն, միացրեց շրջադարձի ազդանշանը, ուզեց շարժվել, և հենց այդ պահին ինչ-որ մեքենա արագացավ ու ուղղվեց դեպի իրեն: Հրահանգիչը սեղմեց ոտնակը։ Նա մեզ ասաց, որ կներեք, ես չէի ուզում, բայց երբ տեսա այս մեքենան, սեղմեցի ոտնակը, որպեսզի ապահով լինեմ: Ասաց, որ հավանականությունը 50/50 էր, միգուցե կհասցներ անցնել, բայց եթե ինչ-որ բան պատահեր, ինձ կմեղադրեին, որ ես ոտնակը չեմ սեղմել»,- պատմում է Ախալքալաքի բնակիչուհին։

Սա քննությունը հանձնելու վերջին փորձն էր, քանի որ հանձնողի տարին լրացել էր, և այժմ նա պետք է նորից գրանցվի և անցնի տեսական և ավտոդրոմում վարելու քննությունները:

Սպասարկման գործակալությունից և թեժ գծից նրանց ասել են, որ կարող են դատի տալ՝ պարզելու, թե ով է այս անձը և ինչու է քննություն հանձնողի վրա գալիս մեքենան, բայց դա որևէ կերպ չի կարող ազդել քննության արդյունքի վրա։

«Երբ ես շատ զայրացա, մեզ ասացին, որ մենք դիմում գրենք, և որ տեսախցիկները կբացեն հենց հիմա։ Տղաս իրենց հետ էր, ասում է՝ ես ինչո՞վ եմ մեղավոր: Ես ամեն ինչ ճիշտ եմ անում, ինձ վրա է գալիս մեքենան, և հրահանգիչը սեղմում է արգելակը, ինչին նրանք պատասխանում են, որ դա իրենց գործը չէ, և մենք կարող ենք դիմել դատարան»,- ասում է նա:

Նշենք, որ Jnews-ն ավելի վաղ գրել էր, թե որքան թանկ է վարորդական վկայականն ախալքալաքցիների համար։ Միայն Ախալցիխե յուրաքանչյուր ուղևորությունն արժե 250 լարի՝ գումարած քննության պաշտոնական վճարներն ու քննության մուտքի վճարները: Հաշվի առնելով քննություն հանձնելու այսպիսի փորձերի քանակը, շատերի համար վարորդական վկայականի արժեքը հասնում է մինչև 1000 լարիի և նույնիսկ գերազանցում է այս գումարը։

Բացի այդ, Ախալքալաքի բնակիչների բազմաթիվ բողոքների պատճառով Jnews-ը կապ հաստատեց Սպասարկման գործակալության հետ՝ պարզելու, թե արդյոք նախատեսվում է քննությունն իրական պայմաններում անցկացնել Ախալքալաքում, արդյոք գործակալությունը նախատեսում է բացել կից կենտրոն, որտեղ ցանկացողները կարող են սովորել մեքենա վարել նախքան քննությունը հանձնելը, ինչպես նաև քանի հոգի չեն հանձնել վարորդական իրավունքի քննությունը: Գործակալությունը մեր հարցմանը պատասխան էր ուղարկել, սակայն կոնկրետ պատասխան ուներ միայն մի հարցի՝ վարորդական ուսումնական կենտրոնի մասին։ Գործակալությունը պատասխանել է, որ «պատասխանատվություն չի կրում ռեզիդենտներին քննությանը մասնակցելուց առաջ պատրաստելու համար»։