Անցած 8 տարիների ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ համավարակի ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատավարձերի ֆոնդում զգալի կրճատումներ են եղել, սակրեբուլոյում աշխատավարձերի ծախսերն աճել են 104,5%-ով, իսկ քաղաքապետարանում՝ 35,8%-ով։
Ուսումնասիրելով Ախալքալաքի մունիցիպալիտետի վերջին 8 տարիների բյուջեն՝ նկատելի է, որ բյուջեի զգալի մասը ծախսվում է օրենսդիր և գործադիր իշխանության աշխատակիցների աշխատավարձերի վրա։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին (ոչ վաղ անցյալում Գամգեոբայում) հատկացված գումարները վերջին 8 տարիների ընթացքում ավելացել են 461 290 լարիով, ինչը 8 տարվա կտրվածքով աճել է 35,8%-ով։ Այնուամենայնիվ, համավարակի ընթացքում 2020-2022 թթ. աշխատավարձային ֆոնդի կրճատում կա մինչև 890 հազար լարի, որից հետո արդեն 2023-ին 2022-ի համեմատ կա 77 տոկոս աճ։
Ինչ վերաբերում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյին, ապա 8 տարվա ընթացքում այստեղ աշխատավարձի ֆոնդն աճել է 104,55%-ով կամ 460 հազար լարիով։ Այստեղ, համավարակի տարիներին, էական անկում չկա, բայց 2022-ից մինչև 2023 թվականը զգալի աճ է նկատվում ավելի քան 60%-ով։
Բացի աշխատավարձից, ինքնակառավարման աշխատակիցները ստացել են նաև հավելավճարներ, որոնք նույնպես տարիների ընթացքում աճել են։ Միայն կորոնավիրուսի բռնկման տարում հավելավճարներ չեն հատկացվել:
Օրինակ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն 2019 թվականին ստացել է 10050 լարի հավելավճար, 2021 թվականին՝ 10 100 լարի, 2022 թվականին՝ 20 100 լարի, իսկ 2023 թվականին՝ 18 350 լարի, այս տարի հատկացվել է 30 000 լարի։
Ինչ վերաբերում է Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի հավելավճարներին, ապա 2019 թվականին գումարը կազմել է 18 000 լարի, 2021 թվականին՝ 74 100 լարի, 2022 թվականին՝ 148 200 լարի, 2023 թվականին՝ 131 000 լարի, իսկ այս տարի նախատեսվում է 220 000 լարի: