Արագվայից Ռուսլան Գմբոյանը 9 տարկանից զբաղվում է բռնցքամարտով։ Ընտրել է բռնցքամարտը, քանի որ փոքրուց սիրել է, և իրեն ոգեշնչողը իրենց իսկ գյուղից Եվրոպայի եռակի չեմպիոն Գոռ Այվազյանն է։ Հիմա արդեն Ռուսլանը Վրաստանի չեմպիոն է, և բռնցքամարտի հավաքականի անդամ։

«Նայելով Գոռին սիրեցի բռնցքամարտը։ Նայում եմ նրա մարտերը, երբ նա հաղթում է, դա ինձ ավելի է ոգեշնչում, որ ես ել հասնեմ բարձրունքների։ Նրանից խորհուրդներ եմ հարցնում», – ասում է Ռուսլանը:

Այս տարի մեր հերոսը դարձավ Վրաստանի ավագ պատանիների շրջանի չեմպիոն և ընդգրկվեց հավաքականի կազմի մեջ: Ասում է՝ մինչև այդ հաղթանակը երկար ու դժվար ժամանակ է անցել մարզիչի հետ։

Մինչև չեմպիոն դառնալը, 2022 թվականին նա եղել է Վրաստանի փոխչեմպիոն:

Առաջնության ժամանակ մենամարտել է չորս մարզիկի հետ, ովքեր ներկայացրել են Թբիլիսին, Փոթին և Մառնեուլին։ Նրա համար շատ կարևոր է եղել Փոթին ներկայացնող մարզիկի հետ մենամարտը, քանի որ այն որոշիչ է եղել։

Ռինգ բարձրանալիս Ռուսլանին ուժ են տալիս մարզիչներն ու ընտանիքը։ Շնորհակալության զգացումով է նշում, որ գյուղացիները իրենից շատ են ուրախանում, երբ հաղթանակով է վերադառնում գյուղ։

Մեր հերոսի գլխավոր նպատակն է նախ դառնալ Եվրոպայի չեմպիոն, այնուհետև՝ օլիմպիական:

Հունիսի 7-11 Քութաիսիի սպորտի տանը տեղի կունենա բռնցքամարտի 12-րդ միջազգային մրցաշարը, որի ժամանակ էլ Ռուսլանը պետք է լավ ներկայանա, ինչը որոշիչ կլինի։ Այդ մենամարտից հետո հավաքականում կորոշվի, թե ով է ներկայացնելու երկիրը Եվրոպայի առաջնության ժամանակ։

Gmboyan11

Պատանի բռնցքամարտիկը քրտնաջան մարզվում է, որպեսզի հասնի իր իսկ կողմից սահմանված նշաձողին:

Մարզիչը գոհ է իր սանից, ասում է՝ դեռ շատ մեծ հաջողությունների կհասնի։

«Ամենապարտաճանաչ, ամենակարգապահ մարզիկներից մեկն է։ Ես կարծում եմ, որ բացի նրանից, որ Ռուսլանը կդառնա Եվրոպայի չեմպիոն, կհասնի նաև այլ հաջողությունների», – վստահեցնում է Մանուկ Դավթյանը։

Ռուսլանն առաջին հաղթանակը գրանցել է 11 տարեկանում։ Մրցույթը կայացել է Ախալքալաքում։ Ռուսլան Գմբոյանն առանձնակի ուրախությամբ է հիշում այդ օրը:

Հիմա մեր հերոսը սովորում է 9-րդ դասարանում, դպրոցն ավարտելուց հետո ուզում է ընդունվել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և շարունակել բռնցքամարտի ուղին։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին, Գորի քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի պատանիների առաջնությունում պատվավոր առաջին հորիզոնականներ գրավեցին Ախալքալաքի մարզահամալիրի սաներ՝ Ռուսլան Գմբոյանն ու Վենետիկ Զանդարյանը:

Կարդացեք նաև՝

Ախալքալաքի ևս երկու բռնցքամարտիկ Վրաստանի չեմպիոն դարձան