Ախալքալաքի շրջանում որս կարելի է անել սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում և որսալ կարելի է միայն չվող թռչուններ:
Չնայած Ախալքալաքում նույնիսկ չի գործում որսորդական խանութ, որսի համար թույլատրելի ժամանակը կարճ է և կենդանիների տեսակները սահմանափակ, միևնույն է որսորդների թիվը ավելանում է:
Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի և Դմանիսիի շրջաններում չվող թռչունների որսի սեզոնը ավելի ուշ է սկսվում, քան մյուս շրջաններում, քանի-որ այս տարածքներում եղանակային գոտին ավելի սառն է, քան այլ վայրերում։
Վրաստանի ամբողջ տարածքում միայն չվող թռչունների որսն է թույլատրված, բացի հատուկ որստնտեսություններից, որտեղ հատուկ պայմաններում պահում և մեծացնում են ապագա որսը։ Իսկ օրինակ կաքավը Ջավախքում մշտական բնակություն ունի և այստեղ կաքավի որսը արգելված է։
Որս անել ցանկացողները նախօրոք պետք է իմանան թե որ թռչունից, քանի հատ կարելի է որսալ, այդ մասին կարելի է իմանալ ինչպես բնապահպանության նախարարությունից, այնպես էլ համացանցից։
Որսի համար առաջին հերթին պետք է ունենալ զենք կրելու թույլտվություն և 10 լարի մուծում կատարել ցանկացած բանկում։
Գոյություն ունի արգելված որսորդության տեսակներ, որոնք գործածում են ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային միջավայրում։ Որսասեր հարցվողներից Արսեն Կարապետյանի հետ զրույցում իմացանք, որ հաճախ որսորդները օգտագործում են անազնիվ որսի տեսակ, օրինակ որս հատուկ լուսարձակների միջոցով։ Քանի-որ, երբ լույսը ընկնում է կենդանու աչքերին, նա շփոթվում և թմրվում է, և նրան այդ վիճակում որսալը առավել հեշտ է։
«Բավականին երկար ժամանակ է որս չեմ արել, բայց մեր շրջանում որսի թույլտվություն կա միայն չվող թռչունների համար։ Իսկ առհասարակ շրջանում կենդանական աշխարհը բավականին զարգացել է, մեր բնությունը շատ հարուստ է կենդանիներով՝ վայրի խոզ կա, ջեյրան, արջ։ Կենդանիներն ամեն տեղ էլ կան, բայց առավել շատ կան Կարծախի լճի հարևանությամբ, քանի-որ այնտեղ արգելված է որսը (Խմբ.), կենդանիները անվտանգությունը զգալով, այդ տարածքում են բազմացել։ Աբուլի շրջակայքում արջեր կան, Ճուբարեթի կողմերն էլ են բավականին հարուստ»,- մեզ հետ զրույցում ասաց Արսեն Կարապետյանը։
Վրաստանում բնությունը շատ հարուստ է, այստեղ կարող ենք հանդիպել բարձր լեռնային, միջլեռնային, բլուրային և հարթավայրային ռելիեֆներ, ինչպես նաև՝ խոնավ անտառներ, կիսաանապատներ և անապատներ։
Վրաստանը հարուստ է կենդանական աշխարհով՝ կաթնասունների 109 տեսակ կա, որոնցից խոշոր կաթնասուներն են արջերը, գայլերը, վայրի խոզերը, ազնվացեղ եղջերուները և աղվեսը։
Վրաստանում կա 14 պետական արգելանոց, 8 ազգային զբոսայգի, 18 պահպանվող տարածք, այդ թվում նաև բազում որստնտեսություններ։ Որստնտեսությունը պետությունից գնում է համապատասխան լիցենզիա, որից հետո նոր սկսում են որսը։ Եթե լիցենզիան վերցնում են գայլերի որսի համար, ապա միայն գայլ պետք է որսան։
Հաճախ բողոքում են, թե անգամ գայլի որսն է արգելված, բայց դա ունի համապատասխան բացատրություն, Եթե մարդը գնում է գայլ որսալու ու հանդիպում է եղնիկի, ապա եղնիկ է խփում, դրա համար էլ արգելել են նաև մյուս կենդանիների որսը։
Ջուլիետա Տոնականյան