Այսօր՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն բյուրոյի նիստում ներկայացրել է իր խնդրագրի ձևը, որից հետո այն հաստատվել է Շրջանային ժողովի նիստում։

Ախալքալաքի Սակրեբուլոյի նիստում քննարկվել է այն ձևաթղթի հաստատման հարցը, որով մունիցիպալիտետի բնակիչները կարող են խնդրագրով դիմել տեղական իշխանություններին։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը շնորհակալություն է հայտնել «Բաց սահմաններ» (Jnews) ՀԿ-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հարցում ակտիվ լինելու համար, քանի որ խնդրագրի սեփական ձևը հաստատելու անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ բնակիչների խնդրագիրը հասարակական տրանսպորտի կազմակերպման խնդրանքով Սակրեբուլո է ներկայացվել կազմակերպության միջոցով:

«Ինչպես գիտեք, խնդրագրի ձևաթղթի թեման նախաձեռնվել և եկել է Jnews-ից: Նրանք մեզ հետ համագործակցել են այս հարցում: Մենք ունենք մեր ձևը, քանի որ պարտադիր չէ, որ բոլորը նույն ձևն ունենան։ Պետական հատվածը և ոչ կառավարական սեկտորը պետք է համատեղ աշխատանք տանի, դա մեր համագործակցության արդյունքն էր: Հնարավոր է վաղը ևս լինի այլ խնդիր, որի շրջանակներում մենք միասին կաշխատենք»,- իր խոսքում ասաց Նաիրի Իրիցյանը։

Նա հիշեցրել է, որ այս տարի ներկայացվել է երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ խնդրագիրը, եթե առաջինը, որը ներկայացվել էր անցյալ տարի, վերաբերում էր Խորենիա գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը, ապա երկրորդը, որը ներկայացվել է այս տարի՝ «Բաց սահմաններ» (Jnews) ՀԿ-ի օգնությամբ, վերաբերում է Ախալքալաքի մունիցիպալիտետում հասարակական տրանսպորտի կարգավորմանը։ Որպես օրինակ ընտրվել է Ախալցիխեի մունիցիպալիտետի փորձը քաղաքում և գյուղերում հասարակական տրանսպորտի խնդիրը կարգավորելու հարցում։

Արդեն նիստում ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները, խնդրագրի ձևաթուղթը հաստատման ներկայացնելուց հետո, հետաքրքրվեցին տրանսպորտի կարգավորման հարցերով, քանի որ խնդրագիրը ընդունվել է բյուրոյի նիստում, և ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել բյուրոյի նիստին։ Խնդրագրի ձևաթուղթը բոլոր ընթացակարգերն ավարտելուց հետո հետաքրքրված անձանց համար հասանելի կլինի երկրի գլխավոր matsne.gov.ge կայք-էջում: