Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում ժողովը հաստատել է մունիցիպալիտետի բյուջեի ճշգրտումները։

Այսօր առավոտյան ժամը 10:30-ին տեղի է ունեցել բյուրոյի, իսկ ժամը 11:00-ին՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստը, որի արդյունքում հաստատվել են մունիցիպալիտետի բյուջեում փոփոխությունները։

Ախալքալաքի քաղաքապետարանի տվյալներով՝ 20 մրցույթներից խնայողությունների արդյունքում հաջողվել է տնտեսել 231 093 լարի, իսկ անցումային հաշվեկշռից՝ 427 039 լարի, ինչի արդյունքում տնտեսված գումարը կազմել է 659 032 լարի։

Դրանցից 482 527 լարին կուղղվի այլ ծրագրերի լրացուցիչ միջոցների հատկացմանը, որոնց մասն արդեն իրականացվում է, այդ թվում՝

• Վաչիան գյուղի ճանապարհի լուսավորության անցկացում` 54 731 լարի, ինչպես նաև Ախալքալաքում` 189 825 լարի։

• Օրջա գյուղում սպորտդահլիճի շինարարություն (հավելյալ գումար)՝ 25000 լարի։

• Խուլգումո-Կուլիկամ ճանապարհի վերականգնում (հավելյալ գումար)՝ 32500 լարի։

• Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնում (մինչև Բորժոմի մունիցիպալիտետի սահմաններ), երկրորդ փուլ (լրացուցիչ գումար)՝ 25000 լարի։

• Ինչպես նաև այլ ենթակառուցվածքային աշխատանքներ մունիցիպալիտետի տարբեր գյուղերում և Ախալքալաք քաղաքում։

Բացի այդ, 97 185 լարի կծախսվի.

Լրացուցիչ ֆինանսներ Ջիվանու պուրակի վերականգնման համար։ Լրացուցիչ գումարը կազմում է աշխատանքի սկզբնական արժեքի 5.321%-ը (30814 լարի): Ինչպես պարզաբանեցին քաղաքապետարանի ներկայացուցիչները, օրենքով իրենք իրավունք ունեն 10 տոկոս գումար ավելացնելու, իսկ թե ինչու է հենց տվյալ գումարն ավելանում, նիստի ժամանակ պատասխան այդպես էլ չհնչեց։

2022 թվականին զբոսայգու բարեկարգման համար հատկացվել է 639 232 լարի։ Աշխատանքների կատարման էլեկտրոնային մրցույթը շահել է «K-ընկերություն»-ն՝ 580.000 լարիի չափով։ Ընդհանուր ծախսերի 82,2%-ը կազմում է պետության ներդրումը, իսկ 17,8%-ը՝ տեղական բյուջեի։ Զբոսայգու բարեկարգումն իրականացվում է երկու փուլով: 2022 թվականին աշխատանքներն ավարտվել են 525 486 լարիի, իսկ 2023 թվականին՝ 113 746 լարիի չափով։

Հավելյալ գումար՝ Մարտունի գյուղում Փարվանա գետի վրայի կամրջի վերականգնման աշխատանքների համար։ Պահանջվող գումարը կազմում է 66 371 լարի։ Ախալքալաքի մունիցիպալիտետը 730 850 լարի է հատկացրել Մարտունի գյուղի կամրջի վերանորոգման համար։

Ախալքալաքի օրվա կապակցությամբ քաղաքապետարանը նաև խնդրել է հավելյալ 37 000 լարի գումար՝ «հանրահայտ խմբերին և դիջեյ հրավիրելու», «հրավառություն, լույս, ձայն և այլն»։ Քաղաքի օրվա կապակցությամբ տեղական բյուջեից նախապես հատկացվել էր մոտ 35 հազար լարի։

Փոփոխությունից հետո անցումային հաշվեկշիռը կկազմի 157876,96 լարի։