Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մի քանի հայտեր է ստացել Ռուսաստանի հետ կանոնավոր ավիաչվերթներ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել են գերատեսչությունում՝ չհստակեցնելով, թե որ ավիաընկերություններն են դիմումներ ներկայացրել, սակայն վստահեցրել են, որ բոլոր հայցերը մանրամասն կուսումնասիրվեն։
«Վրաստանի հաստատակամ դիրքորոշումն այն է, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքները կիրականացվեն միայն ավիաընկերությունների և օդանավերի կողմից, որոնք պատժամիջոցների տակ չեն: Ուստի ավիաընկերությունների կողմից ներկայացված բոլոր դիմումները, տեղեկատվությունն ու փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության և ստուգման տարբեր մեխանիզմներով՝ պատժամիջոցների տեսակետից»:
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ նրանք խորհրդակցում և ուսումնասիրում են այն պետությունների օրինակները, որոնք պահպանում են պատժամիջոցները և միևնույն ժամանակ ուղիղ օդային հաղորդակցություն ունեն Ռուսաստանի հետ։
«Որոշումը կընդունվի միջազգային պատժամիջոցների կամ սահմանափակումների առնչությամբ ավիաընկերությունների և նրանց օդանավերի ներկայիս կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո, և ավիաչվերթների թույլտվությունների տրամադրումը կիրականացվի վերոնշյալ սկզբունքով»,- ասվում է հայտարարության մեջ։