Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Վրաստան՝ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ, որոնք պիտի անցկացվեն հոկտեմբերի 2-ին:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի կունենա Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունների նկատմամբ անվստահություն հայտնելու մասին հանրաքվե, և նա հորդորել է բոլորին դեմ քվեարկել «Վրացական երազանքին»:

Երեկ տարածված տեսաուղերձում Սաակաշվիլին կոչ է արել արտերկրում ապրող Վրաստանի մյուս քաղաքացիներին նույնպես «արձակուրդ վերցնել» և վերադառնալ Վրաստան՝ քվեարկությանը մասնակցելու նպատակով:

«Անձամբ ես կգնամ Վրաստանի այս ընտրություններին և կցանկանայի կոչ անել արտերկրում գտնվող մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հնարավորություն ունեն արձակուրդ վերցնել ընտրությունների օրերին, հատկացնել ժամանակ և գումար և բոլոր նրանց, ովքեր կարող են դա անել ցանկացած ճանապարհով` ցամաքային թե օդային ճանապարհով մենք միասին կգնանք Վրաստան», – ասել է նախկին նախագահը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Սաակաշվիլին խոստանում է իր կողմնակիցներին գալ Վրաստան: Յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո ներկայիս իշխանություններն ասում են, որ նման դեպքում նախկին նախագահը կձերբակալվի:

Այս անգամ ևս Վրաստանի երրորդ նախագահը ընդգծել է, որ վերադառնալու դեպքում չի վախենում ձերբակալությունից, ինչպես նաև դա չի համարում ռևանշ:

«Դուք գիտեք, որ իմ դեմ քրեական գործ է հարուցված, որը ճանաչված չէ աշխարհի ոչ մի երկրի կողմից: Ես ճանապարհորդում եմ ամենուր, այդ թվում՝ Վրաստանի հարևան երկրներ, նրանք ինձ ընդունում են ամենուր, և ոչ ոք հարցեր չի տալիս Վրաստանում իմ դեմ հարուցված այսպես կոչված «քրեական գործերի» առթիվ: Սա հստակ ապացույց է, որ այդ գործերը կեղծված են», – ասել է Սաակաշվիլին:

«Ես չեմ վախենում, որ նրանք ինձ կձերբակալեն, ես վստահ եմ, որ վրաց ժողովուրդն ինքն իրեն կազատի, և ինձ նույնպես կազատի: Ես չեմ վախենում իմ ճակատագիրը վրաց ժողովրդի ձեռքը հանձնել… Ոչ մի ռևանշ չի լինի, քանի որ մենք պետք է վերջ տանք վրեժխնդրության և դժբախտության նույն պտույտով շարժվելուն», – նշել է նախկին նախագահը:

Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետով: 2013-ին, երբ «Ազգային շարժում» կուսակցությունը պարտվեց ընտրություններում, և մեկ տարի անց ավարտվեց նրա երկրորդ նախագահական ժամկետը, Սաակաշվիլին լքեց երկիրը և այդ ժամանակից ի վեր հայրենիք չի վերադարձել: Նա ապրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում, այնուհետև բնակություն է հաստատել Ուկրաինայում, որտեղ վերջին տարիներին աշխատել է որպես նախագահին կից Բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար: Սաակաշվիլին ներկայումս Վրաստանի քաղաքացի չէ։ Նա ավտոմատ կերպով կորցրել էր Վրաստանի քաղաքացիությունն այն բանից հետո, երբ չէր պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը ստանալիս երկքաղաքացիություն ստանալու կարգը: Սաակաշվիլիի հեռանալուց հետո «Վրացական երազանք»-ի կառավարությունը նրան մեղադրել է մի շարք հանցագործությունների մեջ` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ: