Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է քվեարկության կարգն այն ընտրողների համար, ովքեր կորոնավիրուսից բուժվում են հիվանդանոցներում կամ գտնվում են մեկուսացման մեջ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ պարզաբանում է կատարել ԿԸՀ մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:
Խմբի անդամները, որոնց ստանձնելու են ընտրական հանձնաժողովի գործառույթները, այս քաղաքացիներին կտրամադրեն շարժական քվեատուփեր: Դրա համար ԿԸՀ-ն ստիպված կլինի առնվազն մեկ ընտրատեղամաս ստեղծել՝ մունիցիպալիտետներում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների շրջանակներում:
Իր հերթին, ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողները ստիպված կլինեն շարժական քվեատուփը ԿԸՀ-ից պահանջել նախապես:
«Ձայների հաշվարկն իրականացվելու է ոչ թե կարանտինային տարածքներում կամ բժշկական հաստատություններում, այլ առանձին` հատուկ ստեղծված ընտրատեղամասերում, ինչը կնպաստի գործընթացի առավել թափանցիկությանը», – նշել է Միքելաձեն:
Անվտանգության միջոցների առկայության պայմաններում ԶԼՄ-ների ներկայացուցիչները և կուսակցական դիտորդները կկարողանան ուղեկցել շարժական տուփով անձին՝ քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը վերահսկելու համար:
«Սահմանված ընթացակարգերն ապահովելու համար ընտրական վարչակազմը անհապաղ կտեղեկացնի ինչպես ստացիոնար բժշկական հաստատություններում գտնվողներին, այնպես էլ մեկուսացված ընտրողներին, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Սա կնպաստի գործընթացի բոլոր մասնակիցների սահմանադրական իրավունքների իրականացմանը», – ասել է Միքելաձեն: