Ասպինձայի շրջանի Դամալա գյուղից 16-ամյա Մարիամ Սահակյանը «Արի» հակասրճարանի հիմնադիրն է: Նրա գլխավոր նպատակն է եղել ստեղծել մի վայր, որտեղ հնարավոր կլիներ ակտիվություններ իրականացնել և ցույց տալ, որ գյուղում ևս զարգանալու հնարավորություն կա:

Հակասրճարանն այսօր սիրով է ընդունում իր հաճախորդներին, իսկ մեր հերոսուհին դեռ շատ ծրագրեր ունի «Արի»-ին զարգացնելու և համագյուղացիների համար նոր հնարավորություններ ստեղծելու համար:

Մարիամը սովորում է գյուղի հանրային դպրոցի 11-րդ դասարանում: Հաճախում է նաև տեղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Նրա հետաքրքրությունները շատ են ու բազմաշերտ: Հետաքրքրված է՝ հոգեբանությամբ, մարդկային ռեսուրսների կառավարմամբ, ակտիվ ընթերցասեր է, և բացի այդ ստեղծագործում է: Այս պահին աշխատում է իր հեղինակային գրքի վրա և հույս ունի, որ մոտ ապագայում գիրքը կհրապարակվի:

Տարբեր ծրագրերի շրջանակներում նա զբաղվում է կամավորական աշխատանքներով: Կամավորություն սկսել է շուրջ 3 տարի առաջ «Մարզի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունում և մինչև օրս շարունակում է, որի շրջանակներում էլ «Արի»-ին բացելու միտքն է ծնվել:

Երբ գաղափարների փոխանակման ժամանակ իր կամավոր ընկերներից մեկը կիսվել է իր փորձով և պատմել իր գյուղում բացած հակասրճարանի մասին, մեր հերոսուհին, այդ ժամանակ այդքան էլ լավ չի հասկացել հակասրճարանի գործունեության իմաստը: Բայց հետո հասկացել է, որ իր գյուղում ևս հակասրճարանի անհրաժեշտություն կա:

ari 5

«Սկզբնական շրջանում, երբ ծրագիրը ամբողջությամբ պատրաստ էր, գյուղում հարմար տարածք և ֆինանսավորող էի գտել, բայց հետո խնդիրներ առաջացան և ծրագիրը մեկ տարով սառեցվեց: Երբ 2022 թվականին բացվեց Awesome Foundation Javakhk-ն առանց հապաղելու դիմեցի, հաղթահարելով մրցույթային փուլերը ստացա դրամաշնորհ և սկսեցինք: Իմ կողքին էին ընտանիքս ու ընկերներս, արդյունքում՝ 2022 թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցավ հակասրճարանի բացումը, որն ակտիվ գործունեություն է ծավալում այսօր»:

Մարիամը հավելում է՝ հիմնականում հակասրճարանի հաճախորդներն այստեղ են գալիս խաղեր խաղալու, գիրք կարդալու, աշխատելու, կինոդիտումներին մասնակցելու, հեքիաթներ կարդալու, թրեյնինգների ու սեմինարների մասնակցելու նպատակով:

ari 1

Հակասրճարանի հիմնական այցելուները 4-18 տարեկաններն են, իհարկե՝ լինում են շատ դեպքեր, երբ գալիս են ավելի մեծ կամ ավելի փոքր տարիքի մարդիկ, որը Մարիամին ավելի մոտիվացնում է հետագայում հակասրճարանի աշխատանքն ավելի կատարելագործելու համար:

«Արի»-ին արդեն իրականություն է, սակայն 16-ամյա աղջնակի հետ այն անցել է բազում դժվարությունների միջով:

«Երբ ֆինանսավորման հետ խնդիրներ եղան, ես շատ էի նեղվել, բայց հետո իմ մեջ ուժ հավաքեցի և մտածեցի, որ պետք է պայքարել ու չհանձնվել: Երբ ֆինանսավորում ստացա շատ ուրախացա և ավելի պատրաստ էի սպասվելիք բարդություններին դիմակայելու: Դժվար էր նաև նախնական ընթացքը, երբ սրճարանի յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատական էի աշխատում, գիրք կարդացողների հետ քննարկումներին էի մասնակցում, փոքրերի հետ հեքիաթներ էի կարդում և օրվա մեծ մասն անցկացնում էի հակասրճարանում»:

Մարիամն առանձնակի ոգևորությամբ է պատմում, չնայած նրան, որ սկզբում շատ բարդ է եղել համատեղել դպրոցի դասերն ու հակասրճարանի աշխատանքը:

ari 4

Ինչ վերաբերվում է հասարակության արձագանքին, ապա Մարիամը պատմում է, որ գյուղացիների աջակցությունը մեծ է եղել, բացման օրը տեղեկատվական թերթիկներ են բաժանվել, որպեսզի մարդիկ պատկերացում ունենան հակասրճարան բառի ու դրա գործունեության մասին:

Հակասրճարանի գործնեության այս կարճ ժամանակահատվածում Մարիամը հասկացել է, որ ինքը պարզապես իրավունք չունի տեղում դոփելու: Նախատեսում է հակասրճարանի հնարավորությունները բարելավելու, տարածքն ընդլայնելու մասին, որպեսզի շահառուներն իրենց համարավետ միջավայրում զգան:

ari 3

Հակասրճարանի անվան ընտրությունը ևս պատահական չի եղել: Բազմաթիվ տարբերակներից Մարիամ Սահակյանն ընտրել է հենց «Արի»-ին, քանի որ այն իր մեջ կրում է հատուկ ուղերձ՝ գյուղից հեռացող երիտասարդներին հետ կանչել:

ari 2

«Շատերն են գյուղից գնում պատճառաբանելով, որ այստեղ զարգանալու հնարավորություններ չկան, և քանի որ հակասրճարանը նպաստելու է այդ խնդրի լուծմանը, որոշեցի հենց «Արի» անվանումը, այսինքն՝ արի Դամալա, արի քո երազանքների հետևից»: