Վերջին տարիներին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով երիտասարդները հաճախ նախընտրում են ընդունվել վրացական կրթօջախներ և այդ ընտրության վրա ազդող գործոնները երբեմն նույնն են: Դամալա գյուղում ևս դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները որոշում են կրթությունը շարունակել համալսարաններում:

Դամալա գյուղի գյուղապետ Մարտին Կերեկցյանը հաստատում է, որ իրենց գյուղում հետաքրքրությունը դեպի ուսումը շատ մեծ է, այս տարվա շրջանավարտներից ևս շատերն արդեն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Jnews-ը զրուցել է գյուղի երիտասարդների հետ: Նրանք պատմել են իրենց կատարած ընտրության, մասնագիտական ուղղու և գյուղում ապագա տեսնել-չտեսնելու մասին:

19-ամյա Թագուհի Սահակյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի երկրորդ կուրսում, ընտրել է վրացական ԲՈՒՀ, քանի-որ այդկերպ ավելի մեծ են հնարավորությունները մասնակցվելու փոխանակման ծրագրերին՝ չմոռանալով մայրենին և միևնույն ժամանակ բարելավելով պետական լեզվի իմացությունը: Լեզվական բարիերի մասին խոսելիս Թագուհին նշում է, որ առանձնակի բարդությունների չի հանդիպել՝ վրացիներով բնակեցված շրջանում ապրելն օգնել է լեզվի իմացութան հարցում:

Ինչ վերաբերվում է մասնագիտական կարիերային, մեր զրուցակիցը որոշել է դառնալ լավ մասնագետ և ամրացնել հայ-վրացական կապերը: Նրա խոսքով, իր հասակակիցները ևս սովորում են Վրաստանում, բայց իրենից մի քանի տարի մեծերը նախընտրել են Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ:

«Ես շատ ուրախ եմ, որ գյուղում եմ ծնվել և միշտ ինձ օգնել է այդ հանգամանքը: Երբեք չեմ մտածել, որ գյուղում ապրելը կարող է ինձ խանգարել ինչ-որ աշխատանք իրականացնելուց կամ զարգանալուց, քանի որ իմ համագյուղացիները և շրջանի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունն են հայտնել ինձ առաջնորդելու և օգնելու, իսկ թե ավարտելուց հետո ինչպես կստացվի դա չեմ կարող ժամանակից շուտ ասել», – նշում է Թագուհի Սահակյանը:

Նա կարծում է, որ ոչ թե գյուղում հնարավորություններ չլինելուց է պետք դժգոհել, այլ պետք է աշխատել դրանց ստեղծման և իրականացման ուղղությամբ՝ նպաստելով հայապահպանությանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը:

Գևորգ Քերոբյանը նույնպես Դամալայից է, ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը՝ սովորելով ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային գիտությունների բաժնում: Արդեն ունի աշխատանք և ինչպես ինքն է նշում՝ աշխատում է տարբեր ընկերությունների հետ: Գևորգի համար աշխատանք գտնելը դժվար չի եղել, և հիմա, երբ գյուղում է՝ դա չի խանգարում իրեն տնից շարունակել իր աշխատանքը:

Իսկ Կորյուն Կերեկցյանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում: Նա ատամնաբույժ է, և մեկ տարի է ինչ Երևանում աշխատում է իր մասնագիտությամբ:

«Հիմա սովորում եմ արդինատուրայում և դեռ չեմ ավարտել ուսումս, գյուղ կվերադառնամ թե ոչ դեռ հստակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ քայլ անող մարդու համար տարածքը և տեղը չի կարող սահմանափակել աշխատելու համար», – ասում է Կորյունը:

Մեր այն հարցին, թե ինչու՞ ընտրեց Երևանը և արդյո՞ք պատճառը լեզվի խնդիրն էր, նա պատասխանեց՝ որ դա կապ չի ունեցել իր ընտրության հետ, պարզապես ցանկություն է ունեցել հենց Հայաստանում ստանալ բարձրագույն կրթություն: