Սամցխե-Ջավախեթիի պետական ներկայացուցիչ-նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին նոր պաշտոնում առաջին անգամ այցելել է Ախալքալաք՝ մունիցիպալիտետի տեղական իշխանությունների հետ ծանոթանալու նպատակով։
Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում նրան դիմավորել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, քաղաքապետարանի և Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի աշխատակիցները։ Հանդիպումը բացել է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, որը ներկաներին ներկայացրել է Իոսեբ Ալիբեգաշվիլիին՝ որպես Սամցխե-Ջավախեթիի նոր պետական ներկայացուցիչ-նահանգապետ և շնորհավորել նրան այս պաշտոնում նշանակման կապակցությամբ։
Այնուհետև Իոսեբ Ալիբեգաշվիլին ներկաներին ներկայացրել է իր տեղակալներին՝ պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեին և տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլիին։
Ալիբեգաշվիլին պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքի բազմամյա փորձ ունի։ Պետական համակարգում իր գործունեությունը նա սկսել է 2000 թվականին՝ Վրաստանի պետական գրասենյակում։ Տարբեր տարիներին զբաղեցրել է մարզային քաղաքականության, շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության հետ կապված պաշտոններ։
2022 թվականին նա վերադարձել է պետական ծառայության և շարունակել աշխատանքը Սամցխե-Ջավախեթիի պետական ներկայացուցչի վարչակազմում՝ ղեկավարելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ծառայությունը։ 2024-2025 թվականներին Վրաստանի կառավարության վարչակազմի՝ տարածաշրջանների հետ համագործակցության դեպարտամենտում աշխատել է Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջանների համակարգող։ 2025 թվականի ապրիլից շարունակել է աշխատանքը Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության՝ շրջանների հետ համագործակցության ծառայությունում։ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի օգոստոսը զբաղեցրել է Քվեմո Քարթլիի պետական ներկայացուցիչ-նահանգապետի առաջին տեղակալի պաշտոնը։
2026 թվականի օգոստոսի 14-ին Իոսեբ Ալիբեգաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախեթիի պետական ներկայացուցիչ-նահանգապետ։
Պետական ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն նույնպես պետական և մասնավոր ոլորտներում, իրավապահ համակարգում, պետական անվտանգության ծառայությունում և զբոսաշրջության ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի։ 2020 թվականից նա Սամցխե-Ջավախեթիի Դեստինացիայի կառավարման կազմակերպության՝ DMO-ի գործադիր տնօրենն է։ Նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ներքին գործերի նախարարությունում, Պետական անվտանգության ծառայությունում և մասնավոր հատվածում։
Պետական ներկայացուցչի տեղակալ Վախթանգ Մերաբիշվիլին ևս պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքի զգալի փորձ ունի։ 2014 թվականից նրա մասնագիտական գործունեությունը կապված է Սամցխե-Ջավախեթիի կառավարման և զարգացման հետ։ Տարբեր տարիներին աշխատել է պետական ներկայացուցչի վարչակազմում՝ պատասխանատու լինելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության և տարածաշրջանային ծրագրերի համակարգման համար։ 2025 թվականից աշխատել է որպես պետական ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար։
Հանդիպումից հետո նահանգապետը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ միասին այցելել է նաև մունիցիպալիտետում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր և ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Այս փուլում Ախալքալաքում իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի և տեղական բյուջեի միջոցներով։





