Սեպտեմբերի 15-ը Ախալքալաքում միայն նոր ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Շատ ընտանիքների համար այն առանձնահատուկ օր է՝ երեխան առաջին անգամ դպրոց է մտնում, ուսերին դնում պայուսակը, հագնում նոր հագուստն ու սկսում կյանքի մի նոր փուլ։ Այս օրը տարիներ շարունակ ուղեկցվել է նաև մեկ այլ՝ Ախալքալաքում ձևավորված սովորույթով՝ «Առաջին զանգի» առիթի տոնակատարությամբ։
Երեխայի առաջին անգամ դպրոց գնալն այստեղ հաճախ դառնում է ոչ միայն ընտանիքի, այլև բարեկամների, հարևանների ու ծանոթների ուրախության առիթը։ Մարդիկ այցելում են առաջին դասարան գնացող երեխայի ընտանիքին, շնորհավորում նրան, նվերներ կամ ծաղիկներ նվիրում՝ ցանկանալով հաջողություն ու հարթ ուսումնական ճանապարհ։
Առաջին հայացքից՝ սա պարզապես ուրախ ու ջերմ ընտանեկան ավանդույթ է։ Սակայն տարիների ընթացքում որոշ դեպքերում այն դուրս է եկել նեղ ընտանեկան շրջանակից և վերածվել ավելի մեծ միջոցառման։ Երեխայի առաջին դպրոցական օրը երբեմն նշվում է ռեստորաններում՝ բազմաթիվ հյուրերով, սեղաններով և զգալի ծախսերով։ Այդպես երեխայի համար նախատեսված փոքրիկ ընտանեկան ուրախությունը կարող է վերածվել մեծ սոցիալական միջոցառման։
Jnews-ը զրուցել է Ախալքալաքում ավելի քան տասը ծնողի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք այս սովորույթի նկատմամբ։ Արդյոք առաջին դասարան գնալը պետք է մեծ խնջույքի առիթ դառնա, թե՞ այդ օրը կարելի է նշել ավելի համեստ ու ընտանեկան միջավայրում։
«Իմ կարծիքով երեխայի դպրոց գնալը սովորական երևույթ է, և այն ինչ որ կերպ նշելը բոլորովին իմաստ չունի»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։
«Տղաս անցած տարի գնաց դպրոց, մենք հատուկ միջոցառում չենք կազմակերպել տանը։ Դպրոցի միջոցառումից հետո վերադարձել ենք տուն, տատիկի ու պապիկի հետ, սուրճ ենք խմել և վերջ», — պատմեց Գայանեն։
«Իրականում սա շատ անհատական է, մարդիկ կան մեծ շրջապատ ունեն, տունը փոքր է, դրա համար ռեստորանում են նշում։ Անձամբ ես անցած տարի աղջկաս «առաջին զանգը» տանն եմ նշել։ Թեթև քաղցր սեղանի պատրաստություն էի տեսել, գիտեի որ հյուրեր եմ ունենալու»,- իր կարծիքով և փորձով կիսվեց Նազ Մղդեսյանը։
«Աղջիկս այս տարի դպրոց է գնալու, իմ առաջին երեխան է, որ դպրոց եմ ուղարկում։ Ինձ համար ամեն ինչից կարևոր է երեխայիս կողքին լինել և այս օրերին նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Կարծում եմ որ հենց առաջին օրերին շատ ավելի կարևոր է, որ ծնողը օգնի երեխային ինտեգրվել նոր շրջապատին ու միջավայրին։ Իհարկե, մեծ խնջույք չենք կազմակերպում, սակայն ես պետք է ժամանակ տրամադրեմ պատրաստություն տեսնելուն, քանի որ հյուրեր ենք ունենալու և սա ընդունված սովորույթ է Ախալքալաքում», — իր մտքերով կիսվեց Տիրուհի Խաչատրյանը։
«Եթե հյուրեր ես ունենալու, իհարկե՝ շատ ավելի ճիշտ է ռեստորանում նշելը, քանի որ ավելի քիչ ժամանակ և էներգիա ես ծախսելու, եթե այդ ամենը տանը կազմակերպես։ Մեզ մոտ ընդունված է նշել, եթե դու գնացել ես քո ծանոթներին շնորհավորելու, բնականաբար նրանք էլ ցանկանում են քո երեխային շնորհավորել, կարծում եմ սա նորմալ է»,- կարծիք հայտնեց Կարինեն։
«Թոռնիկս նույնպես այս տարի դպրոց է հաճախելու, սակայն մենք որևէ խնջույք չենք պատրաստվում կազմակերպել։ Բնական է, որ երեխան դպրոց է գնալու, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Այ եթե դպրոցն ավարտի կամ համալսարան ընդունվի, այդ դեպքում նշելու առիթ կլինի»,- ասաց Սալվի Մարաբյանը։
«Իմ կարծիքով ընդհանրապես իմաստ չունի երեխայի դպրոց գնալը նշելը, բայց ես անցած տարի տանը թեթև նշել եմ, քանի որ հյուրեր միևնույն է ունենալու էի»,- ասաց Աքսաննա Մարգարյանը։
«Անցած տարի թոռնիկս գնաց դպրոց։ Նշել ենք տանը։ Իրականում ես սիրով եմ պատրաստվել, քանի որ շատ ոգևորված էի։ Բնականաբար երբ դու քո հարազատ մարդկանց գնում ես շնորհավորելու, սպասում ես որ փոխադարձ է լինելու», — պատմեց Լուսյա տատիկը։
«Առաջին զանգի» տոնակատարությունը Ախալքալաքում տարիների ընթացքում ձևավորված սովորույթ է, որը տարբեր ընտանիքներ տարբեր կերպ են նշում։ Ոմանց համար այն բարեկամների և հարևանների հետ ուրախությունը կիսելու գեղեցիկ առիթ է, մյուսները նախընտրում են այդ օրն անցկացնել միայն ընտանիքի անդամների հետ։
Jnews-ի զրույցները ծնողների հետ ցույց տվեցին, որ այսօր ավելի շատ ընտանիքներ նախընտրում են առաջին դպրոցական օրը նշել համեստ պայմաններում՝ առանց մեծ միջոցառումների և լրացուցիչ ծախսերի։ Միևնույն ժամանակ, ավանդույթը շարունակում է պահպանվել, և յուրաքանչյուր ընտանիք այս օրը նշելու իր ձևն ունի։



