Մարդու կյանքը միայն տարիների հաջորդականություն չէ․ այն փոփոխությունների, վերաիմաստավորումների և ներքին վերափոխումների ճանապարհ է։ Յուրաքանչյուր տարիք իր հետ բերում է նոր պահանջներ, նոր պատասխանատվություն, հարաբերությունների ու ինքնության վերանայման անհրաժեշտություն։ Երբ մարդը հայտնվում է մի փուլում, որտեղ նախկին պատկերացումներն այլևս չեն բավարարում, իսկ նորերը դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, կարող է առաջանալ այն, ինչ հոգեբանության մեջ անվանում են տարիքային կամ զարգացման ճգնաժամ։
Ի՞նչ է տեղի ունենում մարդու հոգեբանության հետ տարբեր տարիքային փուլերում։ Որո՞նք են մանկության, դեռահասության, երիտասարդության, միջին տարիքի զարգացման հիմնական ճգնաժամերը։ Ինչպե՞ս են դրանք արտահայտվում առօրյա կյանքում, հարաբերություններում և ընտանիքում, և ամենակարևորը՝ ինչպե՞ս կարելի է այդ փուլերը հաղթահարել ավելի գիտակցված ու առողջ ձևով։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք 14 տարվա աշխատանքային փորձով հոգեբան, «Հարմոնիա» կենտրոնի տնօրեն Աշխեն Մկոյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե երբ է կյանքի հերթական շրջադարձը դառնում խնդիր, իսկ երբ՝ նոր սկիզբ։
Այն հարցին, թե ի՞նչ են տարիքային ճգնաժամերը հոգեբանական տեսանկյունից, և որո՞նք են մարդու կյանքի հիմնական փուլերը, Աշխեն Մկոյանը պատասխանում է․
«Տարիքային ճգնաժամը՝ այնպիսի վիճակ է, որի ընթացքում մարդն ապրում է ներքին կոնֆլիկտներ՝ կապված որոշակի տարիքում իր անձի և կյանքի փոփոխությունների հետ։ Մեր կյանքի տարբեր փուլերում տեղի են ունենում ցիկլերի բնական, օրինաչափ անցումներ։ Դրանք պայմանավորված են կարգավիճակի փոփոխությամբ, ֆիզիոլոգիական վերափոխումներով և մարդու հոգեկանի զարգացման առանձնահատկություններով։ Մի ցիկլից մյուսին անցնելիս մարդը կարծես հայտնվում է «դատարկ գոտում»․ այն, ինչ նախկինում կարևոր ու նշանակալի էր, այլևս նույն արժեքը չունի, իսկ նոր կողմնորոշիչներն ու արժեքները դեռևս չեն ձևավորվել կամ բացահայտվել։ Այդ պատճառով տարիքային ճգնաժամը կարելի է դիտարկել որպես անցումային շրջան՝ հին ինքնընկալման և նորի ձևավորման միջև։
Պարզ ասած՝ տարիքային ճգնաժամը անցումային շրջան է, երբ մարդը փոխվում է, ու իր հին ձևով ապրելն արդեն չի բավարարում։ Ու յուրաքանչյուր ճգնաժամից մարդը դուրս է գալիս նոր որակներով:
Սովորաբար առանձնացնում են հետևյալ ճգնաժամային փուլերը․
• նորածնության ճգնաժամ
• մեկ տարեկանի
• երեք տարեկանի
• յոթ տարեկանի
• դեռահասության
• երիտասարդության (պատանեկության)
• կյանքի կեսի
• վաղ հասունության
• ուշ հասունության
Հոգեբանության մեջ մարդու զարգացումը սովորաբար դիտարկվում է փուլերով՝
Բայց ճիշտ տարիք, երբ պետք է տեղի ունենա որևէ «ճգնաժամ», գոյություն չունի։ Մարդիկ տարբեր են»:
Հոգեբանի հետ փորձեցինք հասկանալ, թե ինչպե՞ս է արտահայտվում դեռահասության և երիտասարդության ճգնաժամը։
«Դեռահասության հիմնական թեմաներից մեկը «Ո՞վ եմ ես» հարցն է։ Երեխան սկսում է աստիճանաբար առանձնանալ ծնողներից և կառուցել սեփական ինքնությունը։ Դրա պատճառով կարող են առաջանալ՝
• ծնողների կարծիքին հակառակվելու ցանկություն
• «ինձ ոչ ոք չի հասկանում» զգացողություն
• արտաքինի նկատմամբ մեծ ուշադրություն
• ընկերների կարծիքի կարևորության աճ
• տրամադրության կտրուկ փոփոխություններ
• փակվելը կամ հակառակը՝ շատ սուր արտահայտվելը
• մասնագիտության և ապագայի վերաբերյալ անորոշություն
• ուժեղ ցանկություն՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու
Սա միշտ չէ, որ «վատ վարք» է։ Շատ դեպքերում երեխան պարզապես փորձում է հասկանալ՝ «Ես ծնողներիցս առանձին ո՞վ եմ»։
Իսկ երիտասարդները հաճախ ունենում են՝
• անորոշություն մասնագիտության և կյանքի ուղու ընտրության հարցում • վախ հասուն կյանքի պատասխանատվությունից
• ինքն իրեն և աշխարհում իր տեղը գտնելու փնտրտուք
• երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու դժվարություններ
Մենք հաճախ խոսում և լսում ենք նաև 30 տարեկանի ճգնաժամի մասին, երբ մեզնից շատերը դժվարությամբ են ընդունում, որ իրենք հատել են 30-ի շեմը, այս մասին Աշխեն Մկոյանն ասում է․
«Ես կասեի 30 տարեկանում կարծես կյանքի առաջին արդյունքներն են մարդիկ ամփոփում: Ու այս շրջանը կարծես վերագնահատման շրջան է, որովհետև մարդը սկսում է համեմատել՝
«Ինչ էի պատկերացնում 20 տարեկանում» → «Ինչ ունեմ հիմա»։
Եվ կարող են առաջանալ հարցեր.
Արդյո՞ք սա է այն կյանքը, որը ես ուզում էի։
Ճի՞շտ մասնագիտություն եմ ընտրել։
Իմ հարաբերություններն ինձ բավարարո՞ւմ են։
Ես ապրո՞ւմ եմ իմ ցանկություններով, թե ուրիշների սպասումներով։
Եթե հիմա չփոխեմ ինչ-որ բան, 10 տարի հետո ի՞նչ կլինի։
Ոմանց մոտ սա անցնում է շատ հանգիստ։ Մյուսների մոտ առաջանում է ուժեղ անհանգստություն, դատարկության զգացում կամ կյանքը փոխելու ցանկություն։
Ու իհարկե, այդտեղ 30-ը միջինացված է»:
Իսկ ինչպե՞ս կարող է արտահայտվել միջին տարիքի ճգնաժամը։ Որո՞նք են այն նշանները, որոնք մարդը չպետք է անտեսի։
«Միջին տարիքի շրջանում մարդը հաճախ սկսում է մտածել ոչ միայն՝ «ի՞նչ եմ ձեռք բերել», այլ նաև՝ «ինչքա՞ն ժամանակ ունեմ և ի՞նչ եմ ուզում անել այդ ժամանակի ընթացքում»։
Կարող են հայտնվել՝
• նախկին կյանքի նկատմամբ դժգոհություն,
• «կյանքս անցնում է» զգացողություն,
• աշխատանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ,
• հարաբերությունները վերանայելու ցանկություն,
• ուժեղ ցանկություն՝ ամեն ինչ փոխելու,
• անցյալի նկատմամբ տխրություն,
• սեփական տարիքի կամ արտաքինի նկատմամբ անհանգստություն,
• դատարկության զգացում,
• «ես ինձ կորցրել եմ» զգացողություն։
Բայց կան նշաններ, որոնք արդեն պետք չէ պարզապես անվանել «տարիքային ճգնաժամ»։
Օրինակ՝ եթե երկար ժամանակ կա ուժեղ ընկճվածություն, ոչնչից հաճույք չստանալու վիճակ, քնի կամ ախորժակի լուրջ փոփոխություններ, մշտական անհանգստություն, աշխատանքի և հարաբերությունների նկատելի քայքայում կամ ինքնասպանության մտքեր, անհրաժեշտ է դիմել մասնագետի»:
Թե ինչպես հաղթահարել ներքին կռիվները և ճգնաժամային պահերը, հոգեբանը հորհուրդ է տալիս․
«Ճգնաժամը կյանքի բնական անցումային փուլ է և պարտադիր չէ այն ընկալել որպես խնդիր կամ ձախողում։ Եթե այս փուլում ճանաչում եք ինքներդ ձեզ, փորձեք ոչ թե շտապ «շտկել» իրավիճակը, այլ հասկանալ՝ ի՞նչ է փոխվել ձեր ներսում և ինչի՞ կարիք ունեք հիմա։ Մի շտապեք ճգնաժամի ամենաթեժ պահին ընդունել մեծ ու անդառնալի որոշումներ․ նախ ժամանակ տվեք ինքներդ ձեզ հասկանալու՝ ի՞նչ եք իրականում ուզում։ Կարևոր է նաև չհամեմատել ձեր ճանապարհն ուրիշների հետ․ յուրաքանչյուր մարդու զարգացումն ունի իր ժամանակը։ Իսկ եթե անհանգստությունը, դատարկությունը, տխրությունը կամ կյանքի դժվարությունները երկարատև են և խանգարում են առօրյային, արժե դիմել մասնագետի օգնությանը»։



