Դպրոցներում մոտենում է «Վերջին զանգը» և ավարտական երեկոների շրջանը, իսկ դրա հետ մեկտեղ շրջանավարտների ընտանիքների հսկայական ծախսերի սեզոնը։ Ախալքալաքում շրջանավարտն ընտանիքից միջինը պահանջում է 1500-2000 լարի, և սա չհաշված յուրաքանչյուր ընտանիքում դպրոցն ավարտելու կապակցությամբ անհատական տոնախմբությունը։
Հագուստ, վինետկա, էքսկուրսիա, բանկետ, նվեր դպրոցին և շատ ավելին. սրանք այն ծախսերն են, որոնք ամեն տարի կատարում է յուրաքանչյուր ընտանիք, որտեղ շրջանավարտ կա:
Ախալքալաքից վրացական դպրոցի շրջանավարտի ծնող Մախարե Մացուկատովը խոստովանում է, որ ավարտական կարիքների համար պատրաստվում է ծախսել մոտ 2000-2500 լարի։
«Մոդայիկ դարձած «Վերջին զանգի» տոնակատարությունը չհաշված՝ դուրս կգա 2000-2500 լարի, դրանք են հագուստը, կոստյումը՝ մոտ 800 լարի, էքսկուրսիա դեպի Բաթումի՝ մոտ 600 լարի, բանկետը և այլն»,- ասում է նա:
Իրենց ընտանիքը չի նախատեսում մեծ շուքով տոնել դպրոցի ավարտը, սակայն, ըստ Մախարեի, իրենք մեծ շուքով տոնելու են, երբ որդին համալսարան ընդունվի։
Ախալքալաքում ավարտական տոնակատարությունների միտումը դեռևս արդիական է։ Եվ «Վերջին զանգ»-ը նշում են անգամ այն ընտանիքները, ովքեր դժվարանում են դա իրենց թույլ տալ։ Բայց քանի որ դա ավանդույթ է դարձել, ոչ ոք չի ցանկանում իր երեխային զրկել մնացածից։
Ախալքալաքի թիվ 2 ռուսական դպրոցի շրջանավարտներից մեկի ծնողն ասում է, որ որոշել են մեծ մասշտաբով նշել իրենց դստեր դպրոցն ավարտելը՝ ռեստորանում։ Իրենց դասարանում նույնպես մեծ մասշտաբով կնշեն ավարտականների ևս 5-6 ընտանիքներ, դե իսկ մնացածները՝ կամ տանն են նշում, կամ ընդհանրապես չեն նշում։
Բացի այս ծախսերից, վերջիններս ծախս են տեսնում նաև ընդհանուր, դասարանական ակտիվությունների վրա, որը կկազմի մոտ 1500 լարի։
«Վինետկա, հանդերձանք, նվեր դպրոցին, դա արդեն 500-600 լարի է: Դրան վերադաս ավարտական երեկոն, էքսկուրսիան՝ առնվազն 1000 լարի և ավելի»,- պատմում է նա:
Ինչ վերաբերում է Ախալքալաքի ռեստորաններում տիրող իրավիճակին, ապա ավարտականների համար սրահների ամրագրումը դեռ չի սկսվել, իսկ մեծ դահլիճներին ձեռնտու չէ ընդունել Վերջին զանգի տոնակատարությունը։
«Նրանք ուզում են 10-15 հոգով գալ, մենք չենք ընդունում, դա մեզ ձեռնտու չէ, սա առանց ծնողների, իսկ ծնողների հետ արդեն կտոնեն հունիսի վերջին ավարտական բանկետները: Բայց այս ամսաթվերի ամրագրումը դեռ չի սկսվել, դեռ շուտ է»,- ասում է Ախալքալաքի ռեստորաններից մեկի սեփականատերը։