Կումուրդո գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում մի կին տեղում մահացել է, երեք տուժածներին տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, նրանց վիճակը բավարար է գնահատվում:
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Կումուրդո գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «Լադա» մակնիշի մեքենաները: Մի կին տեղում մահացել է: Ախալքալաքի շրջանային հիվանդանոց են տեղափոխվել տարբեր մարմնական վնասվածքներով երեք հոգի` մայրը և նրա երկու երեխաները: Տուժածները նույն ընտանիքի անդամներ են: Մահացածը 1957 թվականին ծնված կին է: Երեխաներից մեկը ուղեղի ցնցում է ստացել, իսկ մնացած տուժածների վիճակը բավարար է գնահատվում:
Վթարը տեղի է ունեցել Ախալքալաք-Գումբուրդո մայրուղու վրա: Ուժեղ հարվածի արդյունքում մեքենան շրջվել է ու գլորվել դաշտերի կողմը:
Ինչպես JNEWS-ին հայտնեցին Վրաստանի ՆԳՆ-ից, հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-ին մասով, ինչը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում»: