Ախալքալաքի կենտրոնում, Ազատության փողոցում՝ Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, վերանորոգման աշխատանքների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի վրա փոս է փորվել։ Գիշերը, հատկապես անձրևի ժամանակ, այս փոսն անտեսանելի է վարորդների համար, չկան նաև նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ Մի քանի րոպեում 3-4 մեքենա է ընկել այս փոսը և վնասել են անվադողերը։
Վարորդները դժգոհում են՝ ասելով, որ «սա քաոս է, գոնե զգուշացնող կամ որևէ ճանապարհային նշան տեղադրեն»։ Փոսի տեղում վարորդներն իրենք են բերել և տեղադրել մեքենայի անվադող՝ մյուս վարորդներին զգուշացնելու և ավելորդ ծախսերից զերծ պահելու համար։
Փոսը փորվել է կոյուղու խողովակներն անցկացնելու համար, մայթին փոսի մի մասը փակված է, սակայն ճանապարհի երթևեկելի մասի վրա այն չեն փակել՝ թողնելով այն որպես մեքենաների համար «ծուղակ»։
Ո՞վ է կատարում այդ աշխատանքները՝ ընկերությունը, որը վերականգնում է կենտրոնը, թե՞ մասնավոր անձը, ով վերանորոգել է կոյուղագիծը, այս պահի դրությամբ Jnews-ին դեռ չի հաջողվել ճշտել։