Ախալքալաքի շրջանում արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը, բայց այս փուլում բերքը հավաքում են միայն խոշոր ֆերմերները, ինչպես նաև նրանք, ովքեր գումարի խիստ կարիք ունեն և հիմա վաճառում են ստացած բերքը:
Մշտապես խոշոր ֆերմերները համեմատաբար ավելի շուտ են սկսում բերքահավաքը և որպես կանոն դա սկսվում է վաղահաս կարտոֆիլներից, քանի որ պետք է ժամանակին հավաքել, տեսակավորել և պահեստավորել կարտոֆիլը մինչև կզգացվի եղանակի սառը շունչը:
Հողագործների խոսքերով, անցած տարվա համեմատ այս տարի բերքը ավելի քիչ է, բայց չհասցնելու կամ վատ եղանակային պայմաններ լինելու վախը մարդկանց մեջ դեռ կա: Բանն այն է, որ անցած տարի դա ազդեց և աշխատանքի, և աշխատողների կողմից անհամեմատելի բարձր գին պահանջելու վրա:
Jnews-ը խոսել է Չամդուրա գյուղի խոշոր ֆերմերներից մեկի հետ, ով արդեն երկու շաբաթ է սկսել է բերքահավաքը, իսկ գյուղում ընդհանուր առմամբ մարդկանց 25-30 տոկոսն է սկսել բերքահավաքը: Այս օրերին մեր զրուցակիցը հավաքում է վաղահաս կարտոֆիլը: Նշում է՝ վերջին ամսվա չոր եղանակը շատ է ազդել հողի վրա և կարտոֆիլը հավաքելու ժամանակ շատ հաճախ վնասվում է:
«Այս տարի դեռ աշխատուժի խնդիր չկա, չնայած անցած տարվա պես շատ բերք էլ չկա, որ մարդիկ իրենցը հավաքելու համար չուզենան աշխատել: Հիմա մեկ աշխատողի համար վարձատրության չափը կազմում է 45-50 լարի, ինձ նույնիսկ զանգում առաջարկում են գալ և աշխատել, բայց այս պահին տեղի բրիգադը հերիք է»,- ասում է ֆերմերը:
Ֆերմերների կարծիքով, կարտոֆիլի իրացումը նույնպես անցած տարվա համեմատ ավելի հեշտ կլինի, քանի որ բերքը քիչ է, իսկ հիմա երբ շուտ են սկսել հավաքելը հաճախ գործը նույնիսկ պահեստավորման չի հասնում և հենց դաշտից էլ իրացնում են 70 թեթրիով: Հողագործները վստահեցնում են, որ սա ցածր գին է, նույնիսկ ինքնարժեքը չի փակում:
Բերքահավաքի աշխատանքները շուտ սկսելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ փորձում են կարտոֆիլը վաճառել, որպեսզի այդ գումարով երեխաների նախադպրոցական ծախսերը հոգան: Մենք զրուցել ենք Խուլգումո գյուղի բնակիչներից մեկի հետ, ով բերքահավաքը սկսել է օգոստոսին: Նա հավաքած բերքը տանում է Թբիլիսի վաճառելու համար և այնտեղից էլ կատարելով գնումները հետ է վերադառնում։
Ինչ վերաբերում է Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքատվությանը, ապա այս տարի ինչպես նշում է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն՝ իրավիճակը տխուր է: Նախնական տվյալներով, կարտոֆիլի միջին բերքատվությունը 1 հեկտարի դիմաց կնվազի մինչև 12-13 տոննա:
«Կարտոֆիլի զանգվածային բերքահավաքը դեռ չի սկսվել, կոնկրետ բան չենք կարող ասել, բայց մեր ունեցած նախնական տեղեկություններով, այս տարի կարտոֆիլի ցածր բերք է սպասվում: 1 հեկտարից մինչև 2-3 տոննա բերք ստացողներ կան»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Կարտոֆիլի բերքատվության վրա ազդել են եղանակային պայմանները։ Ամռան սկզբին տեղացած ուժեղ կարկուտներն ու դրան հաջորդած երաշտը։