Մեկ շաբաթ առաջ դիմակավորված անձինք Թբիլիսիում հարձակվել էին «Վրաստանի հայ համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մեղավորները դեռևս ազատության մեջ են գտնվում: Այս ամենին զուգահեռ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերը մեղադրական մեկնաբանություններ են գրում Արթուրի հասցեին, որն ըստ նրա հատուկ է արվում, որպեսզի հարձակման իրական պատճառը շեղեն և իրեն վարկաբեկեն:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդեսներ է անցկացնում հայոց ցեղասպանության թեմայով, ապրիլի 23-ի երեկոյան ջահերթ կազմակերպում, իսկ ապրիլի 24-ին պահանջատիրական երթ՝ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Իր վրա հարձակումն Արթուրը կապում է հենց այս իրադարձությունների հետ, որոնք իրականացվեցին՝ չնայած կատարված միջադեպի:
Jnews-ի հետ զրույցում Արթուրը նշեց, որ անկախ կատարվածից և խանգարողներից շատ ոգևորված է, քանի որ միջոցառումներին մասնակցող մարդկանց քանակն անհամեմատ ավելի շատ է եղել համեմատած մյուս տարիների հետ:
«Մենք ցույց տվեցինք, որ մեզ ճնշելով չեն վախեցնի, հակառակը՝ ինչքան մեզ ճնշեն, մենք ավելի միասնական ենք դառնալու: Ինձ վրա կատարված հարձակումը կապում եմ այդ միջոցառումների հետ, բայց այս պահին ոչ ոքի բացահայտ չեմ կարող մեղադրել: Դա կարող էր լինել ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունը, այնպես էլ «Գորշ գայլեր» կազմակերպությունը: Ֆեյսբուքում տեղադրած հրապարակումներիս տակ կեղծ էջերով մեկնաբանություններ են գրում, այդպիսով փորձում են հարձակման իրական պատճառը շեղել և ինձ վարկաբեկել: Մեծ հավանականությամբ դրանք հենց հարձակումը կազմակերպողների կողմից է արվում»,- ասում է Արթուր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ գրասենյակից տուն գնալու ճանապարհին Արթուր Միրզոյանի վրա են հարձակվել դիմակավորված 3 հոգի: Նրանցից երկուսը մոտեցել է Արթուրին՝ հայհոյել, հարվածել և ծեծել, իսկ մեկն այդ ամբողջ ընթացքում նկարահանել է կատարվածը, այնուհեև փախուստի է դիմել:
Jnews-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից պարզել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով՝ ծեծ կամ այլ բռնություն, որը տուժողին ֆիզիկական ցավ է պատճառել։ ՆԳՆ-ից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ գործով ձերբակալվածներ դեռևս չկան:
Հավելենք նաև, որ ապրիլի 23-ին ջահերով երթից հետո Արթուրին շտապօգնությունը տեղափոխել էր հիվանդանոց, հարձակման ժամանակ ոտքին ստացած վնասվածքի բարդության պատճառով: Սակայն ապրիլի 24-ի երթին Արթուրը մասնակցել է, և իր ելույթի ժամանակ հայտարարել, որ ոչինչ չի խանգարի նմանատիպ միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Եվ դիմելով ոստիկաններին ասել է՝ ինչքանո՞վ է ինքը կամ այլ ակտիվիստ պաշտպանված այս երկրում: Միաժամանակ հույս է հայտնել, որ գործն արագ կբացահայտվի և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
«Մենք անկախ ազգությունից ունենք նույն իրավունքները, ինչ այս երկրի մյուս քաղաքացիները: Սա գրված է սահմանադրությունում և դեմոկրատիայի նախաբանն է հանդիսանում», – հայտարարել է Միրզոյան:
Jnews-ը հետևում է գործի և իրադարձությունների զարգացման ընթացքին:
Կարդացեք նաև՝
Արթուր Միրզոյանի գործով ձերբակալվածներ դեռևս չկան
Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի հայ համայնքի նախագահի վրա