Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում դիմակավորված անձինք հարձակում են կատարել «Վրաստանի հայ համայնքի» նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Արթուր Միրզոյանի խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին իր վրա են հարձակվել 3 անհայտ անձինք, նրանք եղել են դիմակավորված։ Նրանցից երկուսը մոտեցել են իրեն, հայհոյել, հարվածել և ծեծել, իսկ մեկն այդ ամբողջ ընթացքում նկարահանել է կատարվածը։ Արթուրի ուղիղ եթերից երևում է, որ նա մարմնի տարբեր հատվածներում ունի վնասվածքներ, պատառոտել են նրա հագուստը և ջարդել հեռախոսը: Երբ Արթուրը կարողացել է ոտքի կանգնել և աղմուկ բարձրացնել, հարձակվող անձինք փախուստի են դիմել:

Դեպքից 15 րոպե անց, Արթուրի զանգից հետո դեպքի վայր են եկել իրավապահ մարմինները։

Արթուր Միրզոյանը համարում է, որ հարձակման նպատակն էր վախեցնել և խոչընդոտել ապրիլի 23-ին և 24-ին պլանավորվող միջոցառումները։

«Կոչ եմ անում բոլոր վիրահայերին համախմբվել և ապրիլի 24-ին մասնակցել երթին, որը սկիզբ է առնելու Ֆիլարմոնիայից և շարժվելու է դեպի Թուրքիայի դեսպանատուն: Սա միայն «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության հարցը չէ, սա յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող հայի հարցն է», – ասվում է Արթուրի տարածած տեսանյութի մեջ:

Jnews-ը փորձեց կապ հաստատել Արթուր Միրզոյանի հետ, բայց ինչպես տեղեկացանք «Վրաստանի հայ համայնքի» գրասենյակից, նա այս պահին գտնվում է ոստիկանական բաժնում:

Jnews-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից սպասում է պատասխանի այս միջադեպի մանրամասների մասին։