Ապրիլի 21-ին երեք դիմակավորված անձինք հարձակվել էին Վրաստանի հայ համայնքի նախագահ Արթուր Միրզոյանի վրա, վնասվածքներ էին հասցրել նրան և կոտրել վերջինիս հեռախոսը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Jnews-ը Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից պարզեց, որ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածով՝ ծեծ կամ այլ բռնություն, որը տուժողին ֆիզիկական ցավ է պատճառել։ Ինչպես տեղեկացանք, այս պահի դրությամբ ձերբակալվածներ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ Արթուր Միրզոյանը դեպքից անմիջապես հետո ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում պատմել էր, որ գրասենյակից տուն գնալու ճանապարհին իր վրա են հարձակվել 3 անհայտ անձինք, նրանք եղել են դիմակավորված։ Նրանցից երկուսը մոտեցել են իրեն, հայհոյել, հարվածել և ծեծել, իսկ մեկն այդ ամբողջ ընթացքում նկարահանել է կատարվածը։ Արթուրի ուղիղ եթերից երևում էր, որ նա մարմնի տարբեր հատվածներում ունի վնասվածքներ, պատառոտել են նրա հագուստը և ջարդել հեռախոսը: Երբ Արթուրը կարողացել է ոտքի կանգնել և աղմուկ բարձրացնել, հարձակվող անձինք փախուստի են դիմել:
Ավելի ուշ, նա տարածել էր տեսանյութ, որում ասվում է, որ այդ դեպքը ուղիղ կապ ունի ապրիլի 23-ին և 24-ին պլանավորվող միջոցառումների հետ և այդկերպ փորձում են վախ առաջացնել:
«Կհանդիպենք ապրիլի 23-ին, ժամը` 11:00-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, որտեղ կանցկացվի ցուցահանդես` «Հայոց ցեղասպանություն 1915-2023թթ..»» թեմայով, նույն օրը՝ ապրիլի 23-ին, ժամը` 19:30, կայանալու է` ավանդական ջահերով երթ, Իսանիի մետրոյի հարակից տարածքից դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, նվիրված` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին հանդիպում ենք Ֆիլարմոնիայի մոտ, պահանջատիրական երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Կոչ եմ անում բոլոր հայերին, միասնական լինենք, բոլորս մի կողմ դնենք անձնական գործերը և մասնակցենք բոլոր միջոցառումներին», – կարդում ենք Արթուրի ֆեյսբուքյան էջում: