նորություններ 18 Սեպտեմբերի, 2026 • Թբիլիսիի մանկապարտեզներում թունավորման դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել

Թբիլիսիում գործող մանկապարտեզներում երեխաների և դաստիարակի թունավորման դեպքի առթիվ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հաղորդումը ստանալուց անմիջապես հետո հետաքննություն է սկսել։

Քննչական ծառայության տեղեկություններով՝ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի ՔՕ 198-րդ հոդվածի երկրորդ մասով՝ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր արտադրանք պատրաստելու և իրացնելու փաստով, որը մարդու կյանքին կամ առողջությանը սպառնալիք է ստեղծել։

«Այս փուլում առկա տեղեկությունների համաձայն՝ թունավորման նշաններ են նկատվում Թբիլիսիում գործող 20 մանկապարտեզների 55 սաների և մեկ դաստիարակի մոտ։ Նրանք բժշկական օգնության են դիմել Թբիլիսիի վեց բժշկական հաստատություն։

Հետաքննության շրջանակում արդեն հարցաքննվել է սաների ավելի քան 50 օրինական ներկայացուցիչ և բժշկական հաստատությունների աշխատակիցներ։

Գործի հանգամանքները ժամանակին պարզելու նպատակով քննչական և դատավարական գործողությունները, այդ թվում՝ խուզարկությունները, ամբողջ գիշեր ինտենսիվորեն իրականացվել են չորս մանկապարտեզում և մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող երեք ընկերությունում։

Քննչական գործողություններն իրականացվում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող իրավաբանական անձի՝ Սննդի ազգային գործակալության հետ սերտ համագործակցությամբ։ Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները նույնպես մասնակցում են խուզարկություններին։

Այս փուլում առկա տեղեկությունների համաձայն՝ թունավորումը կարող է կապված լինել բակտերիալ վարակի հետ, որի աղբյուրը, ենթադրաբար, մանկապարտեզներում օգտագործված սննդամթերքն է։ Թե կոնկրետ որ սննդամթերքն է դարձել թունավորման պատճառ, պարզ կլինի համապատասխան փորձաքննության արդյունքներով։

Հետաքննությունը շարունակվում է։ Բոլոր այն մանկապարտեզներից, որտեղ թունավորման դեպքեր են արձանագրվել, առգրավվելու են գործի համար նշանակություն ունեցող իրերը, փաստաթղթերը և սննդամթերքը։

Հետաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հանրությանը կտրամադրվի», — ասված է հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝