Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 736,4 հազար մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

«Վրացստատ»-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին գրանցվել է բնական բացասական աճ (-6799) և միգրացիայի դրական սալդո (54509)։

«2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60,4 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ 0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռը ընդհանուր բնակչության մեջ կազմում է 20.7 տոկոս, աշխատունակ տարիքի (15-64 տարիքային խումբ) բնակչության տեսակարար կշիռը 63.8 տոկոս է, իսկ բնակչության տեսակարար կշիռը 65 տարեկան և բարձր տարիքի դեպքում՝ 15,6 տոկոս։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1793,8 հազար, կանանցը՝ 1942,5 հազար մարդ։ Բացի այդ, Վրաստանի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, 52 տոկոսը՝ կանայք։ Սեռերի հարաբերակցությունը կազմում է 92, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։ 2022 թվականին արտագաղթողների թիվը կազմել է 125 269՝ նախորդ տարվա համեմատ աճելով 25,3 տոկոսով, մինչդեռ ներգաղթյալների թիվն աճել է 142,9 տոկոսով՝ հասնելով 179 778-ի։ Նույն ժամանակահատվածում ներգաղթողների 84,3 տոկոսը և արտագաղթողների 86,7 տոկոսը կազմում է աշխատունակ տարիքի բնակչությունը (15-64 տարիքային խումբ): 2022 թվականին ներգաղթյալների 30,3 տոկոսը և արտագաղթողների 80,5 տոկոսը Վրաստանի քաղաքացիներ են»,- ասվում է Վրաստանի վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։