Ջավախքի բարձր դասարանների աշակերտները ակտիվ մասնակցում են Վրաստանում անցկացվող դպրոցական օլիմպիադաներին, սակայն նրանց սպասելիքները մեծ չեն, քանի որ, նրանց խոսքերով, օլիմպիադայի հարցերի թարգմանությունները սխալներով են:

Վրաստանի մոտ 1700 դպրոցների աշակերտներ ցանկություն են հայտնել մասնակցելու ազգային ուսումնական օլիմպիադային: Կրթության և գիտության նախարարության որոշմամաբ Ազգային կրթական օլիմպիադան Վրաստանում անցկացվում է 2009 թվականից, որին կարող են մասնակցել 10-12 դասարանների աշակերտները: Այն անցկացվում է երեք փուլով, իսկ հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային առարկայական օլիմպիադաներին: Օլիմպիադան Վրաստանում անցկացվում է տարին մեկ անգամ, վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով:

Արթուրը մասնակցել է մաթեմատիկայի և վրացերենի օլիմպիադաներին:
«20 հարց մաթեմատիկայից էր, 40 վրացերենից, դժվար էր, որովհետև վրացերեն հարցերը կազմված էր վրացալեզու դպրոցների ուսումնական ծրագրի համաձայն: Օրինակ ավարտական քննություններին վրացերենը որպես երկրորդ մայրենի լեզու քննություն են տալիս, բայց օլիմպիադայի ժամանակ շատ բարդ էր: Իսկ մաթեմի ժամանակ խնդիրները շատ բարդ էին, լուծելու համար երկար ժամանակ էր պահանջվում»,- նշեց Արթուրը, ով մաթեմատիկա առարկայից հնարավոր 20 միավորից 7-ն է հավաքել:

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է՝ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից և գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներից:

Դպրոցական օլիմպիադան սկսվել է նոյեմբերի 5-ին և կշարունակվի մինչև 20-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել այն աշակերտները, ովքեր մաքսիմալ միավորներ կհավաքեն համակարգչային թեստավորման արդյունքում (60% կամ ավելին): Մասնակցի հավաքած միավորները ավտոմատ կերպով հայտնվում են էկրանին: Իսկ երրորդ փուլ կանցնեն երկրորդ փուլի հաղթողները:

Քրիստինեն ևս մասնակցել է մաթեմատիկա առարկայի օլիմպիադային: Ըստ նրա բարձր միավորներ չի հավաքել թարգմանական սխալների և սահմանափակ ժամանակի պատճառով:

«Մաթեմատիկայի խնդիրները վրացերենից էր թարգմանած, մեջը կար սխալ թարգմանություն, այսինքն իմաստը, խնդրի պահանջը հասկանալի չէր ինձ համար: Մինչև մի քանի անգամ կարդալուց հետո հասկանում ես, որ սխալ են գրել, արդեն ժամանակդ չի հերիքում խնդիրը լուծել: Մի խնդրին մոտավոր երկու րոպե էր տալիս համակարգիչը»,- ասաց Քրիստինեն:

Ի տարբերություն իր հասակակիցներից շատերի, Հայկը հենց սկզբից չի գրանցվել մասնակցելու օլիմպիադաներին, քանզի հայկական դպրոցների համար կազմված հարցաշարերը թարգմանական բազմաթիվ սխալներով է լինում:

«Գիտեմ, որ չեմ անցնելու, պարզապես ձևի համար մասնակցել էլ չեմ ուզում: Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մասնակիցները բողոքում են թարգմանությունից: Ես վրացերենին ազատ չեմ տիրապետում», – ասաց Հայկը:

Առարկայական օլիմպիադաներին կարող են մասնակցել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտները:

«Այս տարի աննախադեպ քանակությամբ աշակերտներ են գրանցվել: Եվ սա ինքնին ուրախալի է, որ մենք անցկացնում ենք օլիմպիադա բոլոր առարկաներից»,- հայտարարել է քննական Կենտրոնի ղեկավար Մայա Միմինոաշվիլին:

Ուշադրության է արժանի այն փաստը, որ օլիմպիադաները անցկացվում են բոլոր առարկաներից, բացի հայոց լեզվից և գրականությունից, ինչը Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները համարում են սխալ:

«Ամեն կերպ հայերենը հետին պլան են մղում, բայց ինչու ֆրանսերենից, գերմաներենից կա օլիմպիադա, բայց հայերենից՝ ոչ: Այս հանգամանքը աշակերտի մոտ վերացական վերաբերմունք է ձևավորում տվյալ առարկայի հանդեպ: Ինքստինքյան երեխան չի սովորում մայրենին: Ամեն անգամ ասում ենք, քննական առարկանների ցանկ մտցրեք հայերենը, բայց այդպես էլ խոսքը գործ չի դառնում»,- ասաց Հայոց լեզվի գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը:

Ազգային կրթական օլիմպիադայի անցկացման նպատակն է ի հայտ բերել տաղանդավոր աշակերտներին, բարձրացնել դպրոցական կրթության մակարդակը և լավագույններին միջազգային օլիմպիադաներին մասնակցելու հնարավորություն ընձեռնել:

Օլիմպիադան դեռ ընթացքի մեջ է, իսկ թե մեր շրջանից քանիսը կկարողանան հաղթահարել քննական արգելքները, պարզ կլինի նոյեմբերի 20-ից հետո:

Աղունիկ Այվազյան