Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Սամցխե-Ջավախեթի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի բակում դիմավորեցին առաջին կուրսեցիներին և 2022 թվականի կարմիր դիպլոմով ավարտած շրջանավարտներին շնորհեցին պատվոգրեր, նրանց ծնողներին նվիրեցին ծաղիկներ, իսկ դպրոցներին հանձնեցին պատվոգրեր։

Համալսարանի բակն այսօր մարդաշատ էր: Միջոցառմանը ելույթ ունեցավ ռեկտորը և շնորհակալություն հայտնեց Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնին՝ լավ պատրաստած ուսանողների համար: Արարողությանը ներկա էր նաև Ախալքալաքի Կրթական ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը։

univer

Անյուտա Տիտոյանը, Երանյակ Էլոյանը, Սինարիտա Կարագուլյանը և Վարդուհի Կուրղինյանը ոսկե մեդալներով են ավարտել Սամցխե-Ջավախեթի համալսարանը՝ ստանալով բակալավրի որակավորում։ Պատվոգրեր են ստացել նաև այն դպրոցները, որոնց շրջանավարտները եղել են ոսկե մեդալակիր՝ Մեծ Խանչալի, Հոկամ, Փոքր Սամսար գյուղերը և Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցը։ Նաև ծաղկեփնջեր են նվիրել և շնորհակալական խոսքեր հղել կարմիր դիպլոմով ավարտած շրջնավարտների ծնողներին։

univer2

«Այսօր համալսարանի երրորդ մասնաշենքում 2022-2023 ուսումնական տարվա բացումն էր, որը հուսով եմ, շատ հաջող կանցնի, այս տարին բացառիկ կլինի այն առումով, որ ուսանողները հաճախելու են դասախոսություններին առկա կարգով՝ հեռավար ռեժիմ այլևս չի լինելու, դասերը կլինեն լսարաններում: Սա հրաշալի նորություն է, քանի որ ուզում եմ նշել, որ հայկական դպրոցների շրջանավարտները ընդունվում են ոչ միայն «1+4» արտոնյալ ծրագրով, այլև ընդհանուր հիմունքներով՝ անմիջապես բակալավրիատ»,- մեկնաբանեց Սամցխե-Ջավախեթի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։

univer5

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Նա ուրախալի լուր հայտնեց, որ Սամցխե-Ջավախեթի համալսարանում բացվում է հայ բանասիրության ֆակուլտետ։

Սամցխե-Ջավախեթի համալսարան այս տարի ընդունվել է 313 ուսանող։ Դրանցից 51-ը նախապատրաստական կուրսից տեղափոխվել են առաջին կուրս։ Սամցխե-Ջավախեթի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում 52 առաջին կուրսեցի կսովորի: Նրանք հիմնականում Ախալքալաքից, Ասպինձայից, Նինոծմինդայից և մի քանի հոգի Ադիգենի մունիցիպալիտետից են։