Ապագա բժիշկ Բելլա Զոփունյանը, առաջին կուրսում, Թբիլիսիի բժշկական համալսարանի պատերի ներսում գտնվելիս կարոտում էր իր տունն ու հարազատներին: Այժմ, իր սեփական կտուրի տակ գտնվելով, նա անհանգստանում է իր կրթության որակի համար: Բելլայի համար հեռավար բուհում ավելի շատ բացասական կողմեր կան, քան դրական:
Մազերը սանրել, մի փոքր դիմահարդարվել, և վերջում՝ ստուգիչ հայացք նետել հայելու մեջ: Ահա թե ինչ էր Բելլան անում ամեն առավոտ, շտապելով համալսարան դասախոսությունների: Հիմա առաջնահերթությունները փոխվել են, նա շտապում է կարգի բերել բնակարանը, որպեսզի խառնաշփոթ չլինի, երբ համալսարանը համակարգչի միջով «գա իր տուն»:
«Երբ դասախոսը լսարանում դաս է բացատրում, անհրաժեշտ է, որ մանեկենների վրա օրգանները ցույց տա, բայց հեռավար դա անհնար է: Դու պետք է լրացուցիչ ժամանակ ծախսես, որ այդ ամենն ինտերնետում գտնես ու նայես: Հետո պատահում է այնպես, որ ինտերնետ չի լինում: Օրինակ, մեկ անգամ ես ինտերնետ չունեի, հոսանք չկար, իսկ բանկոմատները չէին աշխատում հաշիվս լիցքավորելու համար: Թբիլիսիից իմ ընկերները լիցքավորեցին հաշիվս»:
Մեկուկես սենյականոց բնակարան և Թբիլիսիի բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհու ընտանիքի անդամները: Բելլայի մայրը, տատիկը և եղբայրը ապրում են նրա հեռավար դասախոսություններով: Մայրիկը դասավանդում էր Ախալքալաքի քոլեջներից մեկում, բայց հիմա նա գործազուրկ է, զբաղվում է առևտրով, տատիկը թոշակառու է, եղբայրն էլ՝ դպրոցական տարիքի: Ընտանիքի ամբողջ հոգսը մոր ուսերին է: Բելլան չի սիրում, երբ իր դասախոսությունները համընկնում են այն ժամանակի հետ, երբ մայրը վերադառնում է տուն, երբ նա պետք է հանգստանա, ու այդ փոքրիկ բնակարանում, որտեղ ընթանում են նրա առցանց դասընթացները, դա ոչ մի կերպ չի հաջողվում:
Վրաստանում բոլոր ուսանողները հեռավար կարգով են սովորում: Թեև, բժշկական ծրագրերին թույլատրվում է անցկացնել գործնական պարապմունքներ: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել էր Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին:
«Համալսարանները իրավունք կունենան բժշկական ծրագրերի դեպքում անցկացնել գործնական և լաբորատոր դասընթացները ոչ հեռակա կարգով, սակայն բժշկական կանոնակարգի հետեւողականությամբ», – հայտարարել էր նախարարը ճեպազրույցում:
Բելլան ուրախ էր դրա համար, քանի որ գտնում է, որ առանց նորմալ պրակտիկայի բժշկական կրթությունը կարող է թերի լինել և վնասակար: Սակայն, նրանց կուրսում չհաջողվեց պրակտիկ դասերը կազմակերպել: Շատ ուսանողներ անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվեցին:
«Քանի որ օֆլայն սովորելուն շատերը կողմնակից չէին, մեզ ասացին, որ մենք էլ պետք է անցնենք հեռավար ուսուցման: Ասացին, որ մենք չենք կարող ուսուցիչներին առանձին վճարել երկու-երեք ուսանողի համար և կազմել առանձին դասացուցակ»:
Բելլա Զոփունյանը ուսումնասիրում է 11 առարկա, որոնցից երեքի դեպքում նախատեսված են գործնական դասընթացներ: Ուսանողի խոսքով, ավելի շատ առարկաներ կային, որոնց դեպքում անհրաժեշտ էր պրակտիկ ուսուցում անցնել, սակայն դասախոսները կրճատեցին թողնելով միայն երեքը:
Բելլան և իր համակուրսեցիները պրակտիկ դասերի քննությունները կհանձնեն կամ հունվարին, կամ փետրվարին, ըստ յուրաքանչյուր ուսանողի հայեցողության, սակայն, նա դեռ չգիտի, թե ինչպես դա պիտի կազմակերպի:
Թբիլիսիի բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհին պատրաստվում է դասերին
Բելլան քննաշրջանին պատրաստվում է շատ զգուշորեն: Այն ամենը, ինչ նրան հնարավոր է անհրաժեշտ լինի, տեղավորում է համակարգչի մոտ, կարելի է նույնիսկ մտածել, որ նա չի կարող վերցնել դրանք պահարանից, որը գտնվում է հենց նրա կողքին: Դասախոսության ընթացքում նա լարված նայում է մեկ էկրանին, մեկ գրքին, վախենալով ինչ-որ բան բաց թողնել: Բելլան ականջակալներ չի օգտագործում: Ասում է, որ դրանք էլ ավելի օտարություն են ստեղծում և պատասխանելիս ձայնը լավ լսելի չէ:
Բելլան խոսում է առցանց դասերի մասին, համադրելով դրական և բացասական կողմերը: Ընտանիքը, որը սոցիալապես լավագույն վիճակում չէ, առցանց կրթությունը նշանակում է մայրաքաղաքում ապրուստի և Թբիլիսիում բնակարան վարձելու ծախսերից ազատում: Բացի այդ, ժամանակը, որը պետք է ծախսես համալսարանի ճանապարհի վրա, կարելի է օգտագործել դասի նյութը վերանայելու համար:
Սակայն, հեռավար ուսուցման ընթացքում, նա տեսնում է խնդիրներ, որոնք կարող են վնասել գիտելիքներ ձեռք բերելուն: Այսպես, ուսանողները, սեմինարներին հարցերին պատասխանելիս, կարող են օգտվել դասագրքից, ինչը նվազեցնում է գիտելիքների մակարդակը: Ոչ բոլոր դասախոսներն են պահանջում, որ տեսախցիկը միացնեն, և բացի այդ, ոչ բոլորն են գլուխ հանում ինտերնետից:
«Եթե դու ստացիոնար ես դասի, ուզես թե չուզես, լսում ես դասախոսին, իսկ տանը կարող ես շեղվել: Կա դասախոս, ով ասում է, որ իր համար միևնույն է, բայց կան մեծահասակ դասախոսներ, ովքեր դժվարանում են առցանց դասախոսել, նրանք օգնության են կանչում իրենց թոռներին, հարսներին, դուստրերին, մենք հո տեսնում ենք»:
Բելլան չի կարողանում լիցքաթափվել և օգտվել առցանց ուսուցման մյուս դրական կողմերից: Բելլան սկզբունքային է դասախոսությունների ընթացքում սրճելու կամ ինչ որ բան ուտելու հարցում: Այն խախտվեց միայն մեկ անգամ` նրա հետ մեր զրույցի ընթացքում:
Բելլան դեռ վերջնականապես չի կողմնորոշվել իր նեղ մասնագիտության հարցում, բայց նա հաճախ է իրեն պատկերացնում որպես վիրաբույժ, և դա իրեն դուր է գալիս:
Բելլայի համար առցանց ուսուցումն ավելացնում է ևս մեկ խնդիր, որը Վրաստանում շատ ուսանողներ չունեն: Համալսարանը ոչ միայն այն վայրն է, որտեղ նա ստանում է բժշկական կրթություն, այլև տեղ, որտեղ նա ամրապնդում է իր վրացերենի գիտելիքները, որը նա սկսել է ինտենսիվորեն յուրացնել բոլորովին վերջերս՝ համալսարանում: Առցանց ուսուցմամբ ընկերների հետ շփումը հասել է նվազագույնի, ինչն արգելակում է պետական լեզվի իմացության զարգացմանը:
Կրթության քաղաքականության փորձագետ Սիմոն Ջանաշիան կարծում է, որ կրթության որակը կախված է բազմաթիվ գործոններից և նրանից, թե որն է մարդու նպատակը: Տեսական ուսուցումը հեռակա կարգով, ըստ նրա, կարելի է անցկացնել բավականին որակյալ:
«Իհարկե, պրակտիկան կտուժի, բայց դա կախված է նրանից, թե որ կուրսում է ուսանողը սովորում: Անհրաժեշտ է թե տեսական գիտելիք, թե պրակտիկա: Եթե ուսանողը առաջնային կուրսերում է, ապա, իհարկե, ավելի շատ տեսական գիտելիք է հարկավոր: Սակայն, բժշկականի շատ ուսանողներ այժմ պրակտիկ դասերն անցնում են ամենադժվար իրավիճակներում, նրանք ինֆեկցիոն բաժանմունքներում օգնում են վարակակիրներին»:
Սիմոն Ջանաշիան կողմնակից է չնստել և չխոսել միայն թերությունների և կորցրած հնարավորությունների մասին, այլ փնտրել նոր հնարավորություններ ստեղծված նոր իրադրությամբ:
«Հեռավար ուսուցմանը հնարավոր է ներգրավել պրոֆեսորների, ովքեր աշխատում են այլ երկրներում», – ասում է Սիմոնը:
COVID-19-ը իր հետքն է թողնում յուրաքանչյուր ոլորտում, այժմյան սերնդի ներկայացուցիչ յուրաքանչյուր անհատի վրա: Ինչպիսին կլինի Վրաստանի հեռահար բժիշկների կովիդյան սերունդը: Բելլա Զոփունյանը վստահ է, որ նպատակասլացությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները, որպեսզի հասնես քո բոլոր նպատակներին: