Վրաստանի հայ համայնքի, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդես տեղի ունեցավ այսօր` ապրիլի 18-ին Թբիլիսիում, Վրաստանի խորհրդարանի դիմաց։

Վրաստանի խորհրդարանի դիմաց ցուցահանդեսը պլանավորվում էր անցկացնել ապրիլի 5-ին, նույն թեմայով ցուցահանդեսների շարքի հենց առաջին օրը։ Սակայն իրավապահ մարմինների խնդրանքով, այն տեղափոխվել էր Ռիղեի այգի։ «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի խոսքով, այդ օրը, ցուցահանդեսից մեկ ժամ առաջ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները գնացել են գրասենյակ և խնդրել ցուցահանդեսի վայրը փոխել, պատճառաբանելով, որ նույն վայրում այլ միջոցառում է նախատեսվում:

«Մեզ ասացին, որ մեր պլանավորած օրն այլ ցույց է սպասվում խորհրդարանի դիմաց, սակայն ոչ մի տեսակի միջոցառում այնտեղ տեղի չունեցավ և որոշեցինք հաջորդ օրը քաղաքապետարան դիմել նամակով և կոչ անել, որ խոչընդոտների դեպքում նախապես զգուշացնեն։ Մեզ համար շատ կարևոր էր հենց խորհրդարանի դիմաց անցկացնել այս ցուցահանդեսը։ Տարիներ շարունակ մեր կազմակերպությունը կոչով դիմել է խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ընդունելու խնդրանքով»:

Նրա խոսքով, այսօրվա ցուցահանդեսի ժամանակ խոչընդոտներ չեն եղել:

Միրզոյանի համոզմամբ, շատ կարևոր է Թբիլիսիում ապրող հայերի միասնականությունը աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Նա կոչ է անում բոլորին չհանձնվել ու պայքարել, միանալ նաև ապրիլի 23-ին իրականացվելիք երթին։

cucahandes 1

Վերոնշյալ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեցին ցեղասպանության թեմայով նկարներ և դրանք նկարագրող գրություններ, գրքեր, ինչպես նաև արխիվային լուսանկարներ։ Ներկաներին բաժանվեցին նաև տեղեկատվական բուկլետներ: Անցորդները մոտենում և ուսումնասիրում էին նկարները, կարդում գրությունները։

cucahandes 3

cucahandes 2

Երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախագահ Վրեժ Հարությունյանը, ով ցուցահանդեսի կազմակերպիչն է Jnews-ի հետ զրույցում նշեց, որ այս գործողությունների նպատակն է իրազեկել հասարակությանը։

cucahandes 4

«Ապագայում ևս պլանավորվում է ցուցահանդես անցկացնել Հավլաբարում, Սբ. Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, որի մասին մենք ավելի ուշ կտեղեկացնենք, տարածելով համապատասխան տեղեկություն։ Ամսի 23-ին, ամեն տարվա պես, նախատեսվում է ջահերով երթ անցկացնել «Իսանի» մետրոյից դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ, իսկ արդեն ապրիլի 24-ին հավաքվելու ենք Ֆիլարմոնիայի մոտ իրականացնելու երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն»։

Հարությունյանի խոսքով, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, հայությունը պետք է համախմբվի, մասնակցի նմանատիպ միջոցառումների, որպեսզի այդ թեման Վրաստանում էլ միշտ լսելի լինի: