Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ Վրաստանի որդեգրած քաղաքականության, խորհրդարանում հնչեցված հայտարարության և երկու հարևան երկրների հարաբերությունների շուրջ խոսեցինք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:

– Ապրիլյան այս օրերին աշխարհով մեկ, մեղմ ասած, արշավ է Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանն այս հարցում, և ինչի՞ է նման քաղաքականություն վարում:

Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում Վրաստանի դիրքորոշումը բավականին անհասկանալի է և հիմնականում կախված է տարածաշրջանային այլ պետությունների դիրքորոշումից: Քանի որ Թուրքիան և Ադրբեջանն ունեն բավականին լուրջ տնտեսական ազդեցություն Վրաստանի վրա, դժվար է պատկերացնել, որ օրերից մի օր այդ հարցը կստանա իր լուծումը:

– Վրաստանի խորհրդարանում Սամվել Պետրոսյանի ելույթը ինչքանո՞վ նպատակին հասավ, ինչո՞ւ խորհրդարանում քննարկումներ չընթացան Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ:

Ինչ վերաբերում է Սամվել Պետրոսյանի հայտարարությանը, ապա իմ կարծիքով հարկավոր էր բավականին լուրջ նախապատրաստություն: Պետք էր հայկական հասարակական կազմակերպությունների հնարավորությունը օգտագործել ցեղասպանության իրազեկմանն ուղղված: Բայց արվեց հայտարարություն, որին արձագանքեցին ադրբեջանցի պատգամավորները և նրանց միացավ ազգային շարժման ներկայացուցիչը, որոնք անհեթեթ հայտարարություններ արեցին պատմությունը խեղաթյուրելու ուղղությամբ: Ուստի, հասկանալով, թե ինչքան մեծ է կախումը Թուրքիայից պարզ է, թե ինչու 150 պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց և այս հարցը հերթական անգամ փակվեց…

– Ջավախահայերն ու առհասարակ Վրաստանի հայերը ինչքանով են կազմակերպված հանդես գալիս Ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչո՞ւ ի տարբերություն սփյուռքի մյուս գաղթօջախների, լուրջ ձեռքբերումներ չենք ունենում այս հարցում:

Կարծում եմ, որ մինչ Ցեղասպանության հարցին անդրադառնալը մեր համայնքը նախ պիտի ակտիվ լինի իր քաղաքական շահերի պաշտպանության հարցում, պիտի ավելի միասնական լինեն և լուծեն իրենց ներկայության հարցը պետական կառավարման մարմիններում: Եթե ունենանք ուժեղ համայնք, կլինեն նաև ազգանպաստ հարցերի լուծում: Դեռ երկար ճանապարհ ունենք Վրաստանում և բավականին շատ խնդիրներ, որոնք նաև սոցիալական ոլորտին են վերաբերում, ուստի Ցեղասպանության ճանաչումը երկրորդական, կամ նույնիսկ երրորդական հարց է:

– Վրաստանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կտա հայերիս և ի՞նչպես կարող է ազդել Վրաստանի վրա:

Եթե պատկերացնենք, որ մեկ օր Վրաստանը ցանկություն հայտնի պատմական իրականությունը ճանաչելու՝ իրենք կունենան խնդիրներ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մեր հակառակորդ Ադրբեջանի հետ: Քանի որ այդ երկու երկրները համար 1 և 2 առևտրային գործընկերներն են Վրաստանի համար, նույնիսկ ներդրումների ոլորտում, և Վրաստանի էներգետիկ անվտանգության հարցերը լուծողներն են, այս բոլոր ուղղություններում կլինեն խնդիրներ: Առևտրաշրջանառությունը 2014-ին Թուրքիայի հետ կազմել է 1,5 միլիարդ, իսկ Ադրբեջանի հետ 1,2 միլիարդ: Վրաստանում ներդրումների քանակով Ադրբեջանը 2-րդ տեղում է 300 միլիոն դոլարով:

– Անդրադառնալով Վրաստանի ու Հայաստանի ընտրած տարբեր քաղաքական վեկտորներին, ինչպիսի՞ ազդեցություն են ունենում դրանք կոնկրետ ջավախքահայության վրա:

Վրաստանը մեր հարևան երկիրն է, որը շատ կարևոր գործընկեր է, և իր տարածքով ունենք ցամաքային ճանապարհ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: Մեր առևտրի 80 տոկոսից ավելին ներմուծվում է Վրաստանով: Մյուս կողմից ՀՀ-ն ևս պակաս կարևոր գործընկեր չէ Վրաստանի համար: Մենք մտնում ենք Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակի մեջ, Հայաստանի քաղաքացիները 3-րդ տեղն են զբաղեցնում Վրաստանի զբոսաշրջիկների քանակով, ինչը բավականին լուրջ թիվ է: Վերջին շրջանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչը լուրջ ազդեցություն կունենա ապագայում: Ի վերջո Վրաստանը Հայաստանի պես գնահատում է և կաշխատի չվատացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ, քանի որ նոր իշխանությունները գալու օրվանից որդեգրել են բալանսավորված արտաքին քաղաքականության մոդելը: Չնայած որ այդքան էլ լավ չեն աշխատում այս պահին: Բայց այն փաստը, որ մինչև հիմա Վրաստանը շատ զգուշորեն է մոտենում Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռյակի ֆորմատում համագործակցության մեջ մնալով ռազմական դաշինք ստեղծելու իր հարևանների ցանկություններին: Մեր երկրների հնարավորությունները սահմանափակ են, բայց, և Երևանը, և Թբիլիսին պաշտոնական մակարդակով և այլ ուղղություններով պահպանելու են այն վաստակած դրական պոտենցիալը, որ կա այսօր:

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ ամենը հասկանում է, իսկ ՀՀ-Եվրոպայի Միություն հարաբերութունների շարունակությունը ևս երաշխիք է, որ Բրյուսելը ևս Ռուսաստանի պես չի խոչընդոտի մեր երկու երկրների հարաբերություններին:

Աղունիկ Այվազյան