Ազավրեթցիները դպրոցի նոր շենք են պահանջում, սակայն ըստ ծրագրի, նախատեսված է մասնակի վերանորոգում: Ազավրեթ գյուղում վտանգված է՝ թե աշակերտների, և թե ուսուցիչների կյանքը:

Գետնափոր ու խոնավ պատեր, 3 հերթյա պարապունքներ, 35 րոպե տևողությամբ դասեր, գերաններով ամրացված և փոքր մակերեսով դասասենյակներ… այս շարքը կարելի է անվերջ թվարկել:

Ազավրեթում բոլորը միաձայն անվտանգ միջնակարգ կրթություն են ուզում իրենց երեխաների համար: 220 աշակերտ ամեն օր, վտանգելով կյանքը, դպրոց է հաճախում:

Տիկին Էստերը ամեն անգամ իր թոռներին դպրոց ճանապարհելիս վախով է սպասում թե երեխաներն ինչպես են տուն գալու:

«Չինաստանի չափ գյուղ ենք, բայց դպրոց չունենք: Մտեք դպրոց, ամեն ինչ կտեսնեք, իսկական աղետի գոտի է: Առաստաղի հողը երեխաների վրա է թափվում»,- ասաց երկու թոռների տատը, չցանկանալով նշել ազգանունը:

Չնայած նրան, որ տարիների ընթացքում դպրոցի բյուջեի և բարերարների միջոցներով տնօրենը կարողացել է դպրոցի շրջակա տարածքը ցանկապատել, մետաղապլաստե պատուհաններ դնել, կոսմետիկ վերանորոգումներ իրականացնել, սակայն այս ամենից դպրոցի ընդհանուր պատկերը էական փոփոխության չի ենթարկվել:

azavret3

Ի տարբերություն մյուս դպրոցների, այս գյուղում դպրոցական առաջին զանգը ղողանջեց երկու շաբաթ ուշ՝ հոկտեմբերի 3-ին: Դպրոցում ֆիզկուլտուրայի դասերն ընթանում են բաց երկնքի տակ: Ուսուցման պրոցեսը ընթանում է ընդամենը 6 դասասենյակում:

«Առավոտյան 9-ից մինչև 18:15 դաս ենք անում: Հերթերի բաշխումը կատարվել է դասասենյակների մակերեսը հաշվի առնելով: Սպորտդահլիճ կոչվածը՝ երկու դասասենյակի վերածեցինք և կարողացանք դասերն սկսել», – ասաց Ազավրեթի հանրային դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին սեպտեմբերի 27-ին Ազավրեթի հանրային դպրոց այցելության ժամանակ ծանոթացել է դպրոցում տիրող իրավիճակին, անձամբ խոսել բնակիչների հետ:

Դպրոցի տնօրենը խնդրագիր-նամակ է ուղարկել ԿԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրել է դպրոցի վիճակը: Նախարարից պատասխան է եկել, որ Ազավրեթի հանրային դպրոցի համար նախատեսված է մասնակի վերանորոգում:

azavret2

«Խոսքը վերաբերում է միայն ծածկը փոխելուն, կտուրն էլ չէ, այլ փայտե մասը, բայց դրանով համարյա թե մենք ոչինչ չենք շահի, որովհետև անօգտագործելի են հատակը, պատերը:Հույսով սպասում ենք գարնանը, այդ աշխատանքներին: Բայց գյուղին պետք է նոր շենք, ծնողների պահանջը շատ ճիշտ է, նրանք դպրոցի ղեկավարությունից, պետությունից անվտանգ դպրոց են պահանջում», – նշեց դպրոցի տնօրենը:

ԿԳ նախարարությունը Ազավրեթի դպրոցը ներառել է 2017 թվականին վերանորոգվող դպրոցների ցուցակում, սակայն գյուղացիները դժգոհում են:

«Գալիս աղմկահարույց ճառեր են ասում: Հենց գնում են, մոռանում են նույնիսկ ինչ են խոստացել»,- ասաց գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Այսօրվա դրությամբ դպրոցի տնօրինությունը մտածում է Ջավախքի ցրտաշունչ ձմռանը դպրոցը նորմալ տաքությամբ ապահովելու ուղղությամբ:

«Նույնիսկ վառելափայտի տեղ չունեմ, թողել եմ բայց երկքնի տակ: Իմ առաջին խնդիրը այս վիրուսային տարում աշակերտներին զերծ պահելն է հիվանդություններից, իսկ դրա առաջին պայմանը մաքրությունն ու ջերմությունն է»,- ասաց դպրոցի տնօրեն Սլավիկ Եղիազարյանը:

Աղունիկ Այվազյան