Այսօր՝ հուլիսի 21-ին, Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական հանդիսավոր արարողություն։
Առավոտյան ժամը 11-ից Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնաճյուղում հավաքվել էին տոնական հագնված ուսանողները։ Այսօր նրանց համար ավարտական հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել։ Կապույտ և կարմիր նախշերով սև պատմուճաններով նրանք սպասում էին ռեկտոր Մակա Բերիձեին, պրոռեկտոր Մերաբ Բերիձեին և մյուս դասախոսներին։ Ռեկտորն ու դասախոսները հերթով շնորհավորում էին արդեն նախկին ուսանողներին և նրանց բարեմաղթանքներ հղում։
Այս տարի Տնտեսագիտության և բանասիրության ֆակուլտետի բակալավրիատն ավարտել է 47 ուսանող, որից 35-ը սովորում էր տնտեսագիտական, իսկ 12-ը` բանասիրական ֆակուլտետում: Նշենք, որ բակալավրիատը գերազանցությամբ ավարտել է 4 ուսանող՝ երկու տնտեսագետ և երկու բանասեր։ Արարողության ընթացքում ռեկտոր Մակա Բերիձեն հայտարարեց մեկ րոպե լռություն՝ այս համալսարանի երրորդ կուրսի ուսանող Թելման Մոսոյանի ողբերգական մահվան կապակցությամբ։
Երախտիքի խոսքերով հանդես եկան ուսանողները, ովքեր շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին ստացած գիտելիքների համար, որոնք նրանք կօգտագործեն հետագա կյանքում և իրենց կարիերան կառուցելու ճանապարհին։ Դրանից հետո ուսանողները, ի նշան բակալավրիատն ավարտելուն՝ գլխարկները նետեցին երկինք ու շամպայն լցրեցին միմյանց վրա։ Ուսանողներին շնորհավորելու էին եկել նրանց հարազատներն ու ընկերները։
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնաճյուղը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Ախալքալաքում և Նինոծմինդայում։